
Ահաբեկիչները պետք է շուտափույթ հեռանան, մենք կարող ենք կտրուկ քայլեր ձեռնարկել, Երևանում հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին,, որն այց է կատարել Հայաստան: Օրերս էլ Իրանը հայտարարել էր, որ ունի հստակ տեղեկություններ Ադրբեջանում ահաբեկչական ռեսուրսի առկայության մասին, այն հատվածններում, որոնք Արցախի դեմ պատերազմի հետևանքով անցան ադրբեջանական վերահսկողության ներքո:
Իրանի պաշտոնյաների հայտարարությունները անշուշտ ականջ են շոյում, ինչպես օրինակ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Նարիշկինի հայտարարությունը դեռևս պատերազմի օրերին, դարձյալ նույն թեմայի՝ ահաբեկիչների առկայության մասին: Հետո իհարկե պարզվեց, որ Նարիշկինը բավականին սերտ բիզնես կապերի մեջ է այն երկրի փոխվարչապետի և էլիտայի այլ ներկայացուցիչների հետ, որի տարածքում ահաբեկչական ռեսուրս կուտակելու մասին տեղեկությունների է տիրապետում հենց իր գլխավորած ծառայությունը: Խոսքը բնականաբար Ադրբեջանի մասին է: Ինչ կապեր կան Իրանի և Ադրբեջանի միջև, իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև՝ էթնիկ որոշ կապերից բացի իհարկե, փակ հարց է, ի տարբերություն Նարիշկինի թեմայի: Բայց, փաստ է այն, որ Իրանը միանգամայն լուռ հետևում էր, թե ինչպես են այդ ահաբեկիչները կուտակվում իր իսկ սահմանին, պատրաստվելով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի: Իրանն այդ ժամանակ որևէ կերպ չէր խոսում ահաբեկիչների մասին տեղեկություն տննօրինելու մասին, սկզբունքորեն չէր արտահայտում որևէ մտահոգություն, իսկ հետո նաև շնորհավորում էր Ադրբեջանին պատերազմի միջոցով «տարածքային ամբողջություն» վերականգնելու համար, ինչը Բաքուն արել էր ոչ միայն Թուրքիայի զինուժի, այլ նաև հենց վարձկանների ու ահաբեկիչների օգնությամբ: Այժմ, երբ Իրանը բախվել է արդեն Արցախի դեմ պատերազմի հետևանքով ստեղծված վիճակի իր խնդիրներին, անհանգստություն է արտահայտում ահաբեկիչների գտնվելու կապակցությամբ: Ի դեպ, հետաքրքրական է, որ Ադրբեջանը ազատ է արձակել իրանցի երկու վարորդներին, որոնց ձերբակալել էր օրեր առաջ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որն անցնում է այսպես ասած ադրբեջանական ենթակայության մեկ-երկու հատվածով: Իրանցի վարորդներին ձերբակալել էին Արցախ այցելելու համար: Առավոտյան հայտնի դարձավ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, որից ժամեր անց էլ Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին: Հետաքրքիր է, դա կփարատի՞ ահաբեկիչների առկայության մասին Իրանի անհանգստությունը: Եթե ոչ, ապա Բաքվի դեմ ի՞նչ կտրուկ գործողության է ունակ Թեհրանը: