
Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման և քննարկումների արդյունքի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն, և դրանց առնչությամբ միտումներ կամ նշաններ գուցե հնարավոր լինի շոշափել առաջիկա զարգացումների համատեքստում:
Հատկանշական է այն, որ ի տարբերություն վերջին՝ հունիսին տեղի ունեցած հանդիպման, որ եղավ Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքից հետո, ՌԴ նախագահ Պուտինը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ զրույցի առնվազն արարողակարգային մասում չանդրադարձավ ցավոտ ու զգայուն հարցերի, այլ խոսեց ընթացիկ գործերի և հետագա հեռանկարների, «ժամերը ճշգրտելու» մասին:
Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքում թերևս ուշադրության էր արժանի այն, որ մի կողմից ընդգծելով Ռուսաստանի առանցքային դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում, մյուս կողմից այդ ընդգծումը արեց Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակի համատեքստում, այդպիսով փաստորեն անդրադառնալով նաև Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Միաժամանակ, Փաշինյանը նկատեց, ընդ որում «հղում» անելով նաև ՌԴ նախագահին, որ հակամարտությունը կարգավորված չէ:
Հայաստանի վարչապետը ընդգծեց նաև հանգամանքը, որ դաշնակիցները պետք է գործեն «ժամերը ճշգրտած», ինչի տողատակում թերևս կարող է լինել որոշակի ակնարկ առ այն, որ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է չտեսնել գործողություններ, որոնք համադրելի չեն Հայաստանի շահին: Ինչ բովանդակություն և ընթացք է ունեցել արդեն բուն հանդիպումը արարողակարգային ողջույնի փոխանակումներից դուրս, այդ թվում նաև ճաշի սեղանի շուրջ, ասել բարդ է, քանի որ այդ բովանդակությունը չի արտացոլվել տեղեկատվական մակարդակում, գոնե առայժմ: Միևնույն ժամանակ երևի թե հատկանշական է հանգամանքը, որ աշխատանքային այցի ընթացքում երկկողմ քննարկման ձևաչափ է ընտրվել նաև ճաշի սեղանը, ինչը թերևս ընդգծում է հարաբերության որոշակի առանձնահատկություն: Դա իհարկե արվել է այսպես ասած «փափուկ բարձի» տրամաբանությամբ, թե այլ խաղացողներին հայ-ռուսական ներկայիս ընթացիկ աշխատանքի իսկապես համադրվածության ազդակ հղելու համար, ասելը իհարկե դժվար է: Միաժամանակ ավելորդ է թերևս ասել, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի է ունենում թե աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ իսկապես արագընթաց զարգացումների պայմաններում, ինչի մի վկայություն է այն, որ Հայաստանի վարչապետի մոսկովյան այցին զուգահեռ ՌԴ մայրաքաղաքում է նաև ԱՄն պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, որը երեք օր բանակցելու և հանդիպումներ է ունենալու ինչպես ՌԴ ԱԳՆ, այնպես էլ անմիջականորեն նախագահ Պուտինի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ընդ որում, Նուլանդի այցը հնարավոր դարձնելու համար ԱՄՆ-ը ու ՌԴ-ն գնացել են պատժամիջոցների չեղարկման, որոնք վերաբերել են մի կողմից Նուլանդի ՌԴ մուտքի արգելքին, մյուս կողմից ՌԴ պաշտոնյաներից մեկի ԱՄՆ մուտքի արգելքին: Սա ցույց է տալիս, որ Մոսկվայում ընթանում են ռուս-ամերիկյան իսկապես կարևոր բանակցություններ, որոնց հիմքում մեծ հավանականությամբ ուկրաինական թեմատիկան է, սակայն առիթ եմ ունեցել ասելու և կրկնեմ, որ Կովկասն ու արցախյան հարցը պետք է դիտարկել Ռուսաստանի ազդեցության արեալով ձգվող «անկայունության կորի» ամբողջական շղթայի մեջ՝ Ուկրաինայից մինչև Աֆղանստան: