Ինչպես փոխանցում է Prime Crime կայքը, նոյեմբերի 25-ին Մոսկվայի մարզի Կուրկինո քաղաքում ձերբակալվել է «օրենքով գող», ազգությամբ վրացի Լաշա Ջաչվլիանին, որն առավել հայտնի է որպես Լաշա Սուխումսկի: Նախկինում չդատված «գողի» մոտ հայտնաբերվել է թմրանյութ և կեղծ անձնագիր: Մինչ ձերբակալումը՝ նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել ուկրաինացի իրավապահները, քանի որ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2009թ. դեկտեմբերին: Նրա մոտ հայտնաբերվել էր ամֆիտամին տեսակի թմրանյութ, նա ստորագրությամբ ազատ էր արձակվել, սակայն հետագայում թաքնվել էր իրավապահներից: Ուկրաինացի իրավապահները, ստանալով օպերատիվ տվյալներ, դրանք փոխանցել էին ռուս գործընկերներին` խնդրելով իրականացնել Լաշա Սուխումսկու ձերբակալությունը: Հավանական է, որ Լաշա Սուխումսկուն կհանձնեն ուկրաինացի իրավապահներին:
Հայտնի է, որ Լաշա Սուխումսկին «գողական» աշխարհի ամեներիտասարդ ներկայացուցիչներից մեկն է: 2008թ. հուլիսին նա ներկա է գտնվել Կլյազմայի ջրամբարում տեղի ունեցած «գողական» հավաքին, որը մեծ աղմուկ է հանել: Այնտեղ լուծվում էր Տարիել Օնիանիի և Դեդ Հասանի միջև ծագած վեճերը: Հավաքին մասնակցած «գողերից» շատերին զրկել էին իրենց «տիտղոսներից», սակայն Լաշային հաջողվել էր պահպանել իր «տիտղոսը»: