Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Հայաստանի ճարտարապետների պալատ և մասնակցել Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական հաջողություններ:
«Ճարտարապետի մասնագիտությունը մշտապես արժևորվել է հայ հասարակության կողմից, և Կառավարությունն իր հերթին կարևորում է այս ոլորտի շարունակական զարգացումը»,- նշել է նա:
Ճարտարապետության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը և «Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Ստեֆան Լազարյանն արժանացել են ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչմանը: Կոչումները նրանց հանձնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է նաև Ճարտարապետների պալատում բացված ցուցահանդեսի աշխատանքներին, որտեղ ներկայացված է 30 հայ ճարտարապետի շուրջ 150 ստեղծագործություն: