Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարաձգումը, Վաշինգտոնին առաջարկել է Անկարային մեղադրելու փոխարեն հրաժարվել Սիրիայում սեփական «սխալ քաղաքականությունից»: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիային մեղադրելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի իր սեփական սխալ քաղաքականությունից: Եվ թող ավելի ազնիվ լինի ամերիկյան ժողովրդի և Կոնգրեսի հանդեպ»,- ասել է նա։
Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել երկարաձգել Անկարայի դեմ պատժամիջոցների հրամանագիրը, որը ստորագրվել էր 2019 թվականին՝ թուրքական զորքերի Սիրիա ներխուժելու պատճառով։
Այդ ժամանակ Վաշինգտոնը հայտարարեց պատժամիջոցներ կիրառել Պաշտպանության նախարարության, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև այդ գերատեսչությունների ղեկավարների նկատմամբ։