
Դատախազությունը պահանջել է ՀՔԾ ուղարկել նաև մամուլի հրապարակումները` նախապատրաստվող նյութերի հետ միասին քննության առարկա դարձնելու համար։
ՀՀ գլխավոր դատախազությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Բադեն–Բադեն այցերի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ստացել, որն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն քննության առարկա դարձնելու նպատակով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Հանցագործության մասին հաղորդումը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ»,– հայտնեցին դատախազությունից։
Նշենք, որ մինչ այդ հաղորդումը դատախազությունը Սերժ Սարգսյանի այցերին վերաբերող հրապարակումներն ուղարկել էր Քրեական ոստիկանություն դրանց կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և ըստ արդյունքների ընթացք տալու նպատակով:
Այս նյութերի վերաբերյալ ոստիկանությունից մինչ օրս պատասխան դեռ չի ստացվել, ուստի դատախազությունը Քրեական ոստիկանությունից պահանջել է ՀՔԾ ուղարկել նաև այդ հրապարակումները` նախապատրաստվող նյութերի հետ միասին քննության առարկա դարձնելու համար։