Ռուս դիվանագետներին արտաքսելու ՆԱՏՕ-ի որոշումը և «թշնամական գործունեության» մեղադրանքները ամբողջովին խաթարում են հարաբերությունների կարգավորման և երկխոսության վերսկսման հեռանկարները։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ակնհայտ հակասություն կա ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հայտարարություններում` մեր երկրի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության և նրանց իրական գործողությունների առումով: Այդ գործողություններն, իհարկե, մեզ թույլ չեն տալիս պատրանքներ կառուցել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարգավորման, երկխոսության վերսկսման հնարավորության վերաբերյալ: Ավելի շուտ, այդ հեռանկարները գրեթե ամբողջությամբ խարխլվում են»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում էր կայացրել երկու անգամ նվազեցնել կազմակերպությունում Ռուսաստանի առաքելության թիվը՝ արտաքսելով 8 դիվանագետի և կրճատելով ևս 2 պաշտոն։ Հաղորդվում է, որ նրանց կասկածում են թշնամական և լրտեսական գործունեության մեջ։
Դիվանագետները Բրյուսելից պետք է հեռանան մինչև հոկտեմբերի վերջը։ Ռուսաստանի քսան ներկայացուցչի փոխարեն ՆԱՏՕ-ում կմնա տասը։