
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ ԵՄ կառույցների հետ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ կողմերը մտքեր են փոխանակել «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, կայուն էներգետիկ զարգացման գործողությունների, կոշտ և վտանգավոր թափոնների կառավարման նախագծերի, ինչպես նաև՝ ավտոբուսների ձեռքբերման ծրագրի շուրջ:
Անդրադառնալով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթին, որից որոշակի մաս տրամադրվելու է Երևանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համայնքն առանձնացրել է 5 բնագավառ:
Մասնավորապես, առաջակվում է գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման, կենցաղային կոշտ աղբի կառավարման, Երևանի «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաև մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերով:
«Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երևանցու և մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման առումով: Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության և եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյուր քաղաքացի»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Իր հերթին, կարևորելով Եվրոպական Միության կառույցների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված համագործակցությունը, Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել ծրագրերի շրջանակները:
Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ծրագրերը հնարավորինս շուտ գործնական փուլ տեղափոխել: