Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է տարածաշրջանային խնդիրների մի ամբողջ շրջանակ:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը չի հանդուրժի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ և քարտեզի փոփոխություններ։
«Մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստների ներկայության կապակցությամբ»,- ասել է նախարարը:
Վերջին ժամանակներս Թեհրանում մեղադրանքներ են հնչում Բաքվի հասցեին՝ կապված Ադրբեջանի տարածքում իսրայելական ենթադրյալ ներկայության հետ։ Բաքուն մերժում է բոլոր մեղադրանքները և ապացույցներ է պահանջում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը: