
Մոսկվայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած Լավրով-Աբդոլահիան բանակցությունից հետո ՌԴ արտգործնախարարն իրանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում խոսել է ռեգիոնալ «3+3» ձևաչափի մասին: Նա ասել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլահիանի հետ քննարկել են «3+3» ձևաչափ ստեղծելու խնդիրը, որտեղ ըստ Լավրովի կգործակցեն Կովկասի երեք երկրներն ու նրանց երեք մեծ հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Լավրովը նշել է, որ այս ձևաչափի ուղղությամբ աշխատում են հայ գործընկերների հետ, ինչպես նաև հուսով են, որ Վրաստանը ևս դրական կարտահայտվի, քանի որ ձևաչափը թույլ կտա լուծել այն խնդիրները, որոնք խանգարում են նաև Վրաստանի զարգացմանը: Լավրովը ակնարկում է թերևս Ռուսաստանի հետ խնդիրները, որոնց պատճառով Վրաստանը մերժում է ռեգիոնալ գործակցության այդ ձևաչափը: Ըստ էության, Ռուսաստանի արտգործնախարարը 3+3-ի վերաբերյալ հայտարարությամբ ընդգծել է այն, ինչի մասին առիթ եմ ունեցել խոսել և հոդվածով արտահայտվել այս օրերին, կապված Իրանի քայլերի, զորավարժությունների և ռեգիոնալ իրադրության հեռանկարների վերաբերյալ հայտարարությունների հետ:
Իրանի բուն խնդիրը ռեգիոնալ գործընթացից դուրս մնալն է, ինչը առաջացնում է դժգոհություն, հատկապես Մինսկի խմբի ձևաչափի շուրջ աշխուժացումների ֆոնին, որն ակնհայտորեն նկատվում է վերջին շաբաթներին և բավականին շոշափելի տեսք ստանալու ազդակներ հղվեցին Նյու Յորքից հետո: Հատկանշական է, որ թե այդ ազդակների, թե «3+3»-ի մասին ազդարարում է Լավրովը: Բանն այն է, որ Նյու Յորքից հետո նա հայտարարեց, որ համանախագահները կողմերի հետ համաձայնեցրել են ռեգիոնալ այցերի հեռանկարը, այդ թվում Ստեփանակերտ: Դա նշանակում է որոշակի հիմնարար պայմանավորվածություններ ոչ միայն կողմերի հետ, այլ նախ և առաջ համանախագահների եռյակի և Թուրքիայի միջև: Ահա այստեղ է, որ դրան զուգահեռ ավելի ու ավելի նյարդային շարժումներ սկսեց անել Իրանը:
Հատկանշական է նաև, որ Իրանի նախարարի Մոսկվա այցին զուգահեռ, Լավրովի հետ հանդիպումից շատ կարճ ժամեր առաջ Փարիզից Մոսկվա էր զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, Լավրովի հետ քննարկելով իրանյան միջուկային ծրագրի հարց: Ահա այդ ֆոնին, Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Լավրովը խոսում է «3+3»-ի մասին, որը իրականում հենց իրանյան, ոչ թե թուրքական 6-ի ձևաչափն է:
Հենց Իրանն էր, որ դեռևս ընթացող պատերազմի պայմաններում նախագահի բանագնացի մակարդակով փոխարտգործնախարար Արաղիին գործուղեց Բաքու, Երևան, Թբիլիսի, Մոսկվա և Անկարա՝ 3+3-ի ձևաչափը քննարկելու համար: Իրանի համար դա թերևս «ապահովագրության գոտին» է:
Մյուս կողմից, չի բացառվում, այդ թվում Բլինքենի զանգի համատեքստում, որ Իրանին այդ տարբերակն առաջարկվում է պայմանով, որ Թեհրանը լիարժեք և արագ կվերադառնա Վիեննայի միջուկային բանակցության: Համենայնդեպս այդպիսի ենթադրության հիմք կարող է լինել այն, որ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ Լավրովը խոսել էր միջուկային գործարքի մասին ԱՄն պետքարտուղար Բլինքենի հետ: Չի բացառվում, որ Կովկասում կարող է ձևավորվել այսպես ասած երկու զուգահեռ ձևաչափ՝ «3+2» և «3+3»: Այսինքն, Մինսկի խմբի համանախագահներ և Հայաստան ու Ադրբեջան, ու «3+3»-ի վերը բերված ձևաչափը: Ավելին, կարող ենք կարծել գուցե, որ հենց այդ զուգահեռության պայմանով է, որ ԱՄՆ համաձայնել է կամ կարող է համաձայնել 3+3-ին չխոչընդոտելուն, հատկապես հաշվի առնելով և այն, որ այստեղ կա Վրաստանի խնդիրը: Արդյո՞ք Լավրով-Աբդոլահիան բանակցությունը եկել է այդ սխեմայի հարցում վերջնական եզրակացության, թե՞ այն ձևակերպվել է, սակայն դեռ պետք է անցնի լրացուցիչ քննարկումների շրջանակ: Մեծ հավանականությամբ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, որտեղ բոլոր կողմերը դեռ պետք է անցնեն դետալներով: Առանցքայինը սակայն մնում է թերևս իրանյան միջուկային խնդիրը, որը եթե չվերադառնա կառավարելիության դաշտ, հազիվ թե Կովկասում հնարավոր լինի որևէ կայուն ձևաչափային հեռանկար: