
2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի և Ռումինիայի հետ հանդիպումներին ընդառաջ «Տրանսֆերմարկետ» հեղինակավոր պարբերականը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ Սեպտեմբերին հրապարակված տվյալների համեմատ վերջին ցուցակում տեղի են ունեցել որոշակի թարմացումներ։ Եվ այսպես առաջին հորիզոնականում «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որի տրանսֆերը կազմում է 16․5 միլիոն եվրո։ Նախորդ ամսվա համեմատ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 1․5 միլիոն եվրոյով։ Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի նորեկ, ամերիկյան «Կոլումբոս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարյանը 11 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։ Ըստ «Տրանսֆերմարկետի» Սելարյանի տրանսֆերային արժեքը վերջին մեկ ամսում աճել է մեկ միլիոն եվրոյով։
Երրորդ հորիզոնականում գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է, որի տրանսֆերը կազմում է 3․85 միլիոն եվրո։ Ադամյանի տրանսֆերն իր հերթին ավելացել է 350 հազար եվրոյով։ 250 հազար եվրոյով աճել է ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը՝ հասնելով 2․75 միլիոն եվրոյի։ Նույնքան է նաև «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը։ Ըստ «Տրանսֆերմարկետի» ամենաթանկ ֆուտբոլիստների հաշվարկում Բայրամյանը 4-րդն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բարսեղյանը։ Վերջինիս հաջորդում է «Կրասնոդարի» 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որի տրանսֆերային արժեքը 1․1 միլիոն եվրո է։ Վերջին թարմացումից հետո երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերն աճել է հարյուր հազար եվրոյով։
Հաշվի առնելով վերջին շրջանում Սպերցյանի ցուցադրած խաղն ու տրանսֆերային արժեքի աճը կարող ենք ասել, որ նա մեր հավաքականի ամենամեծ պոտենցիալ ունեցող և ամենահեռանկարային երիտասարդ խաղացողն է։ Սպերցյանին հաջորդում է մեր հավաքականի պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանը։ Վերջինս այս տարվա մայիսին «Աստանայից» տեղափոխվել էր Լա լիգան ներկայացնող «Կադիս»։ Ներկայում Հարոյանի տրանսֆերային արժեքը կազմում է 990 հազար եվրո։ 8-րդ հորիզոնականում է ղազախական «Կայրաթի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանն է, որի տրանսֆերը կազմում է 660 հազար եվրո։ Հովհաննիսյանին հաջորդում է դանիական «Սիլկեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը 440 հազար եվրոյով։ Նշենք, որ Չալըշըրը Դանիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի «Սիլկեբորգ»-«Նորշելան» խաղում ստացածվնասվածքի պատճառով չի մասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին: Ըստ նախնական բուժզննության Չալըշըրի ապաքինման համար կպահանջվի 2-4 շաբաթ: Լավագույն տասնյակը եզրափակում է Երևանի «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը։ Վերջինիս տրանսֆերը գնահատված է 330 հազար եվրոյով։ Ինչևէ, «Տրանսֆերմարկետի» հրապարակած ցուցակում բացակայում է «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով չի միացել Հայաստանի ազգային հավաքականին։ Բալեկյանի տրանսֆերային արժեքը «Տրանսֆերմարկետի» համաձայն կազմում է 1․8 միլիոն եվրո։
Նշենք, որ մեկ տարի առաջ Բալեկյանի տրանսֆերային արժքը 450 հազար եվրո էր։ Վերջին թարմացումից հետո Բալեկյանի տրանսֆերը աճել է ևս 300 հազար եվրոյով։ Տրանսֆերմարկետի ցուցակում տեղ չի գտել նաև մեր հավաքականի առաջատար պաշտպաններից, կիպրական «Անորտոսիսի» ներկայացուցիչ Հովհաննես Համբարձումյանը։ Վերջինս ծանր վնասվածք էր ստացել սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ հանդիպման ժամանակ և փոխարինվել։ Մինչ օրս Համբարձումյանը չի ապաքինվել և չի միացել Հայաստանի հավաքականին։ Հիշեցնենք, որ «Տրանսֆերմարկետի» համաձայն մեր գլխավոր թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի հանրագումարն այս պահին կազմում է 40․1 միլիոն եվրո։ Այս հաշվարկում ներառված չեն Համբարձումյանի, Չալըշըրի և Բալեկյանի տրանսֆերային արժեքները։