Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում առաջիկայում տեղի ունենալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հոբելյանական գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։
Վերջինիս խոսքերով՝ սեպտեմբերի 2-3-ը Դուշանբեում տեղի ունենալիք գագաթնաժողովում Ադրբեջանը ներկայացնելու է վարչապետ Արթուր Ռասիզադեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տաջիկստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դավլատալի Նազիրևը հայտարարեց, որ ԱՊՀ անդամ երկրներից միայն Բելառուսի, Ուզբեկստանի և Ուկրաինայի նախագահներն են, որ առայժմ չեն հաստատել իրենց մասնակցությունը Դուշանբեի գագաթնաժողովին, իսկ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահներն արդեն տվել են իրենց համաձայնությունը։