Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Այս իշխանության ամենամեծ ողբեգությունն հենց այն է, որ ընդդիմություն չունի․ Հակոբ Մովսես

«Առաջին լրատվական»-ը զրուցել է բանաստեղծ,թարգմանիչ,1991-1996թվականներին ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի հետ։

Ինպե՞ս կմեկնաբանեք երևույթը,որ Սփյուռքահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը Հայաստանի իշխանություններին առաջարկում է ռուսական շատ  խոշոր ներդրումների դիմաց պետական լեզվի կարգավիճակ տալ նաև ռուսերենին, անգլերենին՝այն դեպքում,որ գործարարն ինքը,լինելով սփյուռքահայ, քիչ թե շատ հասկանում է՝ինչքան կարևոր է մայրենի լեզվի դերը  հայկական ինքնության պահպանման հարցում։

-Ինձ թվում է՝ այդ առաջարկով գործարարի ուշքն ու միտքը ոչ թե Հայաստանում ռուսաց լեզվի վիճակն է, այլ ռուսական միջավայրին ու իշխանություններին դուր գալը։ Ես նրան երեք բան կհիշեցնեի․նախ՝ հայերը պատմության և իրավիճակի բերմամբ գրեթե բոլորը ռուսերեն (այսօր նաև անգլերեն) գիտեն այն չափով, որ չափով անհրաժեշտ է։ Երկրորդ՝ Ռուսաստանը և ռուսական կապիտալը իր նեդրումներն այսօր անում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այնպես որ այստեղ լեզուն կապ չունի։ Եվ երրորդը հենց գործարարությանը վերաբերող հիշեցում է․բիզնեսը և գործարարությունը ներդրումներ անում են առանց նախապայմանների, ելնելով նպատակահարմարությունից,  իսկ եթե մանավանդ ազգային և մշակութային նախապայմաններ են առաջարկվում, ուրեմն ենթատեքստը այլ մի «ներդրում» է, որի նպատակը ռուսաց լեզուն իբրև ռազմաբազա տեսնելն է․․․Վերջում կարի՞ք կա ավելացնելու, որ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և քաղաքակիրթ մյուս լեզուների հետ միասին ռուսաց գեղեցիկ ու հարուստ լեզուն մեր հայոց և հայկական դպրոցներում պետք է ուսուցանվի պատշաճ մակարդակով․․․

Ընդհանրապես ի՞նչ կարծիքի եք Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին։

Ես ռուսական մշակույթը (և, ինչպես կասեր մեծ բանաստեղծ Ա․ Բլոկը, ռուսական «պարզ հոգին») բարձր գնահատողներից եմ, բայց այն կարծիքին եմ, որ իր ներկա վիճակով Ռուսաստանը մեզ մշակութային ոչ մի մի ազդակ չի կարող հաղորդել։ Ինչո՞ւ։ Որովհետև նախ՝ համաշխարհային մակարդակով այսօր նման բան գոյություն չունի։ Մի քանի լավ գրողներ ու արվեստագետներ, որոնք փորձում են պահել ռուսական ոգու գիծը, այսօր իրենք էլ ապրում են արտասահմանում։ Ռուսական ոգին 1917 թ․ ջախջախվեց ու այլասերվեց, և այդ ժողովրդի կողմից մեծ ջանքեր են հարկավոր այն վերակենդանացնելու համար, որի համար այսօրվա ռուսական պետության մեջ ոչ մի նախադրյալ չկա, որովհետ այն մնում է նույն սովետը՝ նույն այլասերման, փչացման ու ապականության նույն պետական և հասարակական պատկերացումներով։ Այն մեզ, այդ նույն կոռուպցիայից բացի, ոչինչ չի կարող տալ նաև քաղաքական մշակույթի և հետևաբար պետական կողմնորոշիչների հարցում,- այս իմաստով այսօր լինել Ռուսական կողմնորոշման մեջ՝ նշանակում է լինել պետությունը կոռուպցիայի մեջ պահելու կողմնորոշման մեջ։ Բանն այն է, որ մշակույթի և հնարավորությունների այդ վիթխարի երկիրը երբեք չկարողացավ (թերևս կարճ մի պահ 19-դ դարի երկրորդ կեսին) իր պետությունը սարքել իր մշակույթի իդեալներով, ինչը առաջիկայում նույնպես չի կարող սպասվել։ Ռուսաստանը մինչև օրս էլ իր մշակույթն ու քաղաքացուն ստանում է պետությունից, փոխանակ պետությունը ստանա իր մշակույթից ու քաղաքացուց։ Դրա հետևանքը միշտ եղել է երկու բան․ եթե Եվրոպայի խնդիրները այսօր գոյաբանական և էքզիստենցիալ խնդիրներ են (նյութապաշտություն, օտարացում, սեքսիզմ, համահարթեցում և այլն), ապա Ռուսաստանի խնդիրները մնացել են ախոռի խնդիրներ։ Եվ երկրորդ՝ դա Իվան Կալիտայի ժամանակներից մինչև օրս մշտապես տարել է անձի պաշտամունքի, որովհետև կոռուպցիայի ժամանակ երկիրը ղեկավարում է ոչ թե Օրենքը, այլ Անձը, վերջինս գրեթե կրոնական նշանակություն է ձեռք բերում, ինչպես իսլամակամ պետության մեջ, որի կառավարման ավանդույթներն էլ Ոսկե Հորդայով մտել է ռուսական հասարակության գիտակցության մեջ և այնտեղ իշխում է մինչև օրս։ Մենք հարգելով այդ ժողովրդի հոգին, մշակույթը և ուղղափառ հավատը, որը աշխարհին մեծագույն դեմքեր է տվել (և որը հեռու ապագայում գուցե թե կարողանա ձեռք բերել իրեն արժանի պետությունը,- ասում եմ հեռու, որովհետև  ա յդ  պետությունը կարող է ծնվել միայն այն դեպքում, երբ  այս  պետությունը մեռնի), միաժամանակ չենք կարող չասել, որ իր պետական և կառավարման համակարգով Ռուսաստանն այսօր նույնպես իսլամական երկիր է։ Եվ, ես կարծում եմ, դա է Թուրքիայի հետ մերձեցման ու դրանով Ռուսաստանի նախագահի՝ եվրոպական՝ այս անգամ ոչ թե քաղաքական և պետական համակարգի, այլ կրոնական զգացման և իր քույր եկեղեցու՝ կաթոլիկիզմի դեմ արած հայտարարությունը, որը ինձ առաջին պահին սարսափեցրեց («Մենք, կրկնում եմ, կրկնում եմ, ի սկզբանե ավելի մոտ ենք իսլամին, քան կաթոլիկականությանը»), մինչև որ հասկացա, որ մարդը ճիշտ է ասում։

Հայոց լեզուն այսօր պատճշած հոգածության, պաշտպանության արժանանու՞մ  է  պետութան, հասարակության կողմից։

Ձեր հարցի պատասխանը դուք կստանաք, եթե Մատենադարանի սանդուղքների ներքևից՝ հայոց այբուբենի «ալաֆրանկի» տառերի մոտից  սկսած՝ մի շրջայց կազմակերպեք մինչև Մաշտոցի պողոտայի վերջ և հաշվեք, թե քանի հայերեն և հայատառ ցուցանակ կա խանութների և սպասարկման կենտրոնների վրա․․․ Եվ ցավալին այն է, որ մեր լեզուն պաշտպանություն չունի նաև հանրության կողմից։ Ապացո՞ւյց․ բացեք հանրային ցանցերի հաղորդումների ու հրապարակումների տակ գրվող մեկնաբանությունները․դեռ մի կողմ թողնենք, որ զազրելի հայհոյանքները ապացուցում են, որ մենք իբրև հասարակություն դեռ խաժամուժ  ու խուժան ենք (լավ իմանալով, որ այդ պոռնո-հայհոյանքները կարդում են նաև իրենց մայրերը, քույրերն ու աղջիկները, չեն խորշում դրանցից)։- Եվ տեսեք, թե ինչ լեզվով են գրվում դրանք։ Ես այն տպավորությունն եմ ստանում, որ մենք այսօր մեր լեզուն ու նրա ուղղագրությունը չգիտենք։ Հազարավոր հայրենասերներ, որոնք կոկորդ են պատռում հայրենիքը փրկելու իրենց բղավոցներով, այ քեզ բան, իրենց հայրենիքում իրենց մայրենի լեզուն և նրա ուղղագրությունը չգիտեն․․․ Գիտեն բանավոր փողոցային լեզվի մակարդակով, ինչպես գիր չունեցող աբորիգենները։ Ես մի առիթով գրել եմ և ուզում եմ կրկնել․ մենք մեր երկրում կամաց-կամաց դառնում ենք մի 500, լավ թող լինի 600 բառանի մի լեզվով բանավոր հաղորդակցվող  բնիկներ։

Աղետալի  պատերազմը  ի՞նչ դասեր տվեց: Ինչու  քաղաքական ոուժերը կենսական համախմբման,հաշտության  փոխարեն, գնում է բևեռացման ճանապարհով,մինչդեռ խոցելի վիճակում գտնվող Հայաստանի առջև ծառացել են արտաքին,անվտանգային բախտորոշ մարտահրավերներ: Մեզ կհաջողվի՞ կատարել անհրաժեշտ վերագնահատումներ և հաղթահարել   ճգնաժամերը՝ անվտանգային, արժեհամակարգային, քաղաքական,  արդարության: Ի՞նչ  կարող եք ասել և ընդհանրապես մտավորականը ինչպե՞ս կարող է պայքարել,աջակցել,երբ հայրենիքը «ականապատ  ժամանակի» միջով է անցնում: Անվանի գրող,ազատամարտիկ Լևոն Խեչոյանն ասում էր. «Մտավորականը երկրի դրոշի պես է.միշտ վերջինը պիտի ընկնի…Գրողի զենքը իր ազնիվ խոսքն է»:

Ես քաղաքական բևեռվածություն ձևակերպումը համարում եմ  չափազանցված։ Հայաստանյան ներկա իշխանությունների ամենամեծ ողբեգությունն հենց այն է, որ այն ընդդիմություն չունի, այլ, ինչպես Պ․ Պռոշյանը կասեր, իրենց «հացի  խնդրով» (սրա մեջ մտցրեք բայրակթար-դղյակները) ոտքի ելած փոքրաթիվ մի խումբ, որի ընդդիմությունը ճիշտ այնքան է ընդդիմություն, որքան որ վտանգ է տեսնում պետությունից իր լափածի հարցում։

Ես արտաքին ոչ մի վտանգից չեմ վախենում, իսկ ներքին վտանգներից, այ, սոսկում եմ․․․ Տգիտությունից, մեծամտությունից, սեփական կարծիք հայտնելու անմեղսունակությունից, իրար չհանդուրժելուց (իր երիտասարդ գործընկերոջ վրա շիշ շպրտելուց), իրականությունը առասպելներով ծածկադմփոց անելու կուրությունից․․․․ Ինչ վերաբերում է մտավորականությանը՝ Հայաստանի «հոգևոր աշխարհագրության» մեջ դա պակասում է, ինչպես որ ֆիզիկական աշխարհագրության մեջ պակասում է ծովը։

Ուժեղ,մրցունակ պետություն կառուցելու համար ի՞նչ կարևոր  գործոններ են  անհրաժեշտ։

Ներկա փուլում՝ Լուսավորություն, որի ածանցյալ է ամեն ինչ՝ անհատը, քաղաքացին, հասարակությունը, ի վերջո՝ պետությունը։ Եվրոպական-քրիստոնեական պետության հիմքում հենց դա է դրված․ այդ քաղաքարկթության գիտակներից մեկը, որի անդամն ենք նաև մենք, ասում էր․ պետությունը մշակութային երևույթ է։ Մեր մշակութային խավը կարծում է, թե պետությունը նրա համար է, որ պահպանի մշակույթը, բաց ես հակառակը գիտեմ․ մշակույթը նրա համար է, որ պետություն ստեղծի։ Մենք մշակույթ ասելով հասկանում ենք զուռնա-դհոլ, դե լավ, թատրոն ու օպերա, այնինչ պետք է հասկանալ ամեն ինչ՝ գործարարություն, առևտուր, արտադրութուն, հասարակություն, օրենք, քաղաքացի, հպատակ, դպրոց․ բանակ․․․Առանց իմ ասած մշակույթի՝ մշակույթը, այո, հենց զուռնա-դհոլ է,  գործարարությունը՝ վաշխառուություն, առևտուրը՝ չարչիություն, արտադրությունը՝ ցեխավիկություն, հասարակությունը՝ ամբոխ, օրենքը՝ անօրենություն, քաղաքացին՝ ազատությունը լկտիության հետ խառնող պահանջատեր, հպատակը՝ ստրուկ, բանակը՝ բարդակ․․․

Ի՞նչ կարծիք ունեք Հայոց բանակի  հրամանատարության հետ կապված խոշոր չափի հափշտակության, խոտանված զինամթերք գնելու  բացահայտումների վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ ՀՀ զինված ուժերում արմատավորված կոռուպցիան, չարաշահումները, կամայականությունները և այլ տիպի ապօրինությունները ի՞նչ դեր են խաղացել պաարտության մեջ: 

-Ես ինչո՞ւ պետք է կարծիք հայտնեմ այնտեղ, որտեղ իր կարծիքը պետք է հայտնի բոլորի թագավորը՝ Օրենքը․ ոլորտներ կան, որտեղ կարծիք ունենալ պետք չէ, այլ պետք է ունենալ Պետություն և Պետության աջը՝ Օրենք, որը օրհնության պես կիջնի բոլորի գլուխներին, ովքեր, թեկուզև շարքային, կպահպանեն այն, և մուրճի պես կիջնի բոլորի գլուխներին, ովքեր, թեկուզև գեներալ, այն չեն պահպանի։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում