
ՄԻԵԴ-ը վերջերս բավարարել է «Հայկական ժամանակի» բողոքն ընդդեմ Հայաստանի, որով վիճարկվում էր 2008թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում թերթի հրապարակման վրա արգելանք դնելու որոշումը: Այս առնչությամբ գլխավոր դատախազի տեղակալ գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ն ուղիղ արձանագրել է, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի եղել, և այդ հանգամանքը իրենց մեղադրանքում եղել է: Ինչ վերաբերում է պնդմանը, թե ՄԻԵԴ-ի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նոր քրեական հետապնդման հիմք կարող է լինել, Բաղդասարյանն ասել է. «ՄԻԵԴ որոշումներն ամրապնդում են մեր դիրքորոշումները վերաքննիչ դատարանում ներկայացված, բայց նոր մեղադրանքի հարց չկա։ Այն փաստը, որը ճանաչել է ՄԻԵԴ-ը, մեր մեղադրանքում արդեն իսկ կար»:
Այս առնչությամբ, «մարտի 1»-ի գործով տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Եթե դատախազի տեղակալը չկարողացավ այդպիսի բազմադրվագ հանցագործությունով հասնել քրեական պատասխանատվության հարցի լուծմանը, ուրեմն Եվրոպական դատարանը ինչ որոշում էլ կայացնի, Հայաստանի դատական համակարգում դատապարտվելու է ձախողման: Նույնիսկ ՍԴ որոշումը պաշտպանական կողմն ասում է՝ վերջնական է և անգամ քննադատության ենթակա չէ: Եթե խոսում ենք զուտ ձևական կարգավորումներից, ապա հարցը լուծվել է: Քրեական օրենսգրքի այդ նորմը չկա, և մենք չենք կարող այդ հանցակազմին անդրադառնալ: Ըստ էության, գնահատական չի տրվել ՍԴ-ի կայացրած որոշմանը:
Եթե մենք դրա հետ կապված ՄԻԵԴ դիմեինք և դա ներառվեր մեր բողոքներում, դրան գնահատական տրվեր, այո, վերաբացում կլիներ: Մեխանիզմը չենք էլ կարող պատկերացնել, որովհետև ՍԴ որոշումներում չկա վերաբացման վարույթ հասկացությունը»:
Նրա խոսքով, բոլոր դեպքերում տուժողները հայտնվել են անպաշտպան վիճակում, որովհետև դատարկ դահլիճում անելիք չկա. «Դա էլ է մեղադրանքի կողմի խնդիրը, թե ինչպիսի վերափոխումներ, վերանայումներ պետք է անեն, որ այդ խնդիրը լուծեն Հայաստանի դատական համակարգում: Այո, այն գործընթացը, որով իրականացվել է այդ պրոցեսը մեր ներպետական դատական համակարգերում, դա պետք է վերանայվի»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այս քրեական գործի համար լուրջ դերակատարում կունենա ՄԻԵԴ-ի դատական ակտը, Սեդա Սաֆարյանն ասաց. «Իհարկե, շատ դժվար է ասել, որ կունենա: Սպասենք, տեսնենք, թե ինչպես է Վերաքննիչ դատարանը նայում ՄԻԵԴ-ի արձանագրածին: Որովհետև նույն Վերաքննիչ դատարանը պետք է պատրաստ լինի, որ դա արդեն ներառվելու է նաև նույն այս գործով տուժողների բողոքներում: Դրա վրա հղումներ են արվելու, այս անգամ արդեն վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների կայացրած որոշումների առնչությամբ: Այսինքն պետք է դրանից որոշակի դաս քաղեն, որոշումը վերացնեն, հնարավորություն տան մեղադրողին, որ նա կարողանա առաջ տանել քրեորեն հետապնդելի արարքների օրինական ընթացքը: Իսկ այս պարագայում չորով լուծել խնդիրը հանցագործությունների բազմադրվագության պարագայում, իհարկե դա զրոյացնում է մեր իրավական համակարգը:
Եթե դատախազը այդպիսի արձանագրում է արել, որ ՄԻԵԴ-ը վերահաստատել է իրենց դիրքորոշումը, բայց այսօր չի կարողանում մեղադրանքն առաջ տանել, իր հայտարարությունը քանի կոպեկ արժի»:
Լուսանկարը՝ panorama.am-ի