
Հայաստանի հանրային շրջանակներն ու քաղաքական խմբերը 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով աշխուժորեն քննարկում են պատերազմը, դրանից խուսափելու հնարավորությունները, դրանում պարտության պատճառները՝ թե ընթացիկ, թե խորքային բնույթի, թե ինչու Հայաստանն անպատրաստ գտնվեց այդպիսի պատերազմի, ինչու՞ ընդհանրապես հնարավոր դարձավ այդ պատերազմը: Այդ քննարկումները շատ կարևոր են, թեև դժբախտաբար դրանցում գերակշռում է սիրողականության մի շերտ, որը ավելի շուտ նպաստում է խնդիրների, դիտարկումների ուղղվածության, բովանդակության նենգափոխման և համարժեքության աստիճանի անկման, քան հարստացնում քննարկումները: Չի էլ բացառվում, որ մի զգալի մասով այդ ամենն արվում է միտումնավոր, խորքային և ամբողջական եզրահանգումների ու եզրակացությունների հեռանկար թույլ չտալու համար, քանի որ դա կարող է բերել հանրության շրջանում պատերազմի համար պատասխանատվության հանգամանքի այնպիսի շեշտադրումների, որոնք ուղղակի «կպայթեցնեն» Հայաստանի քաղաքական դաշտի մի մեծ փուչիկ:
Չի բացառվում նաև, որ հենց այդ պատճառով էլ քննարկումների առանցքում չէ թերևս հայկական պետականության ամենամեծ խնդիրը, որը գերխնդիրն էր նաև մեկ տարի առաջ սանձազերծված պատերազմի և դրա հետևանքի իմաստով: Եթե Հայաստանի և Արցախի դեմ պատերազմում ներգրավվում է Թուրքիան, ապա կասկածից վեր է, որ պատերազմի ելքը վճռված է կանխավ: Այդ ելքը կարող է անկանխատեսելի լինել, եթե իր հերթին ներգրավվեր նաև Ռուսաստանը, որովհետև Մոսկվան է իր անվտանգային ներուժով ի վիճակի հակադրվել Թուրքիային: Եթե տեղի չի ունենում այդ միջամտությունը, ապա Թուրքիայի դեմ պատերազմում Հայաստանն ու Արցախը դատապարտված են, և այստեղ պետք չէ զբաղվել պաթետիկ ինքնախաբեությամբ: Ռուսաստանը չմիջամտեց: Թե ինչն էր դրա պատճառը կամ մոտիվը, առանձին հարց է և այդ հարցը մենք դիտարկել ենք՝ ընդ որում տարբեր տեսանկյուններով դեռևս տարիներ առաջ, դիտարկում ենք և կդիտարկենք: Տվյալ պարագայում առանցքային է մի հանգամանք՝ հայկական պետականության անվտանգության և զարգացման գլխավոր խնդիրը եղել է Թուրքիան, և թերևս շարունակում է լինել այն: Մենք չենք կարողացել անկախության երեք տասնամյակի ընթացքում լուծել այդ խնդիրը, թեև նախկին երեք նախագահներից երկուսը բավականին աշխույժ են եղել այդ ուղղությամբ, իհարկե տարբեր կերպ՝ Տեր-Պետրոոսյանն ու Սերժ Սարգսյանը: Կարելի է քննարկել նրանց գործողությունների ուղղությունը, տրամաբանությունը, պատկերացումները, և անհաջողությունը, որին մատնվել են նրանք լայն իմաստով, սակայն կասկածից վեր է, որ մեծ հաշվով այդ ամենը եղել է հետևանք իրողության, որ Հայաստանում չի ձևավորվել պետական քաղաքականության «մարտունակ» միտք ու բովանդակություն՝ ինստիտուցիոնալ բազմաշերտ մակարդակով, որը նախ կգնահատեր գլխավոր խնդիրը, որ այն բոլորովին Ադրբեջանը չէր և անգամ Կովկասի հանդեպ մոնոպոլ ձգտմամբ Ռուսաստանը չէր, այլ Թուրքիան, որն այդ ամենում թերևս ուներ՝ ինչպես ռուսները կասեին «թփի տակ եղած դաշնամուրի» նշանակություն գործնականում բոլոր խոշոր խաղացողների համար, որ այս կամ այն կերպ ներգրավված էին կովկասյան-արցախյան հարցում և ընդհանրապես մերձավորարևելյան ռեգիոնալ անվտանգային լայն խաղում:
Հայաստանը չձևակերպեց և չմշակեց իր պետականության համար հիմնարար խնդրի՝ թուրքական խնդրի լուծումների սցենարային բազա, որը թույլ կտար լինել առավել ճկուն և շարժունակ, այդպիսով նաև առավել արդյունավետ հարաբերվել մյուս խոշոր խաղացողների հետ: Անշուշտ, գնահատել իրավիճակը հետին թվով, բավականին դյուրին է: Միաժամանակ անթույլատրելի է անգամ աղետից հետո չանել համարժեք եզրակացություն բաց թողնված ժամանակի վերաբերյալ, և խորապես մտորել հետագա անելիքների ուղղությամբ: Իսկ դա էլ անելու համար անհրաժեշտ է առավելագույնս արագ գործել քաղաքական մտքի գեներացման ինստիտուցիոնալ նոր միջավայր ձևավորելու ուղղությամբ, իհարկե ընթացիկ խնդիրներով զբաղվելուն և արձագանքելուն զուգահեռ: