Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, հեռակա կարգով դիմելով Ադրբեջանի նախագահին, հաստատակամորեն արձանագրում է, որ ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա նրան նվեր են մատուցել։ Ավելին, ընդգծում է, որ եթե չլիներ 2018 թվականի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա Ալիևը ականջի հետևը ավելի շուտ կտեսներ, քան Շուշին ու Հադրութը:
Վերը նշված արձանագրումներով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հասկացնել է տալիս, որ պատերազմի արդյունքն ինչ-ինչ ուժերի կողմից Ալիևին տրված նվեր է, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրսի մեծ ուժերի մեծ աջակցության հետևանքն է։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների ենթատեքստը մեկն է՝ իր իշխանությունը լավն էր, իսկ ներկայիս իշխանությունը վատն է․«Եվ ինքը ինչ անում էր ժամանակին՝ ճիշտ էր, հիմա ինչ անում են՝ սխալ են անում։ Հետևաբար այս հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Ես իմաստ չեմ տեսնում շատ խորանալ, թե ով ում նկատի ուներ։ Եթե ինչ-որ բան նկատի ունի՝ թող բաց ասի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր այն դիտարկմանը, թե Սարգսյանն ակնարկում է, որ հեղափոխությունն արտաքին աջակցությամբ է տեղի ունեցել, մեր զրուցակիցն ասաց․«Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը իրենց իշխանությունից զրկվելու հենց առաջին օրվանից այդ թեզն առաջ են տանում։ Այդ իմաստով Սերժ Սարգսյանը որևէ նոր բան չի ասել։ Բայց ես այս հարցում ևս Սերժ Սարգսյանի հետ համաձայն չեմ»,-եզրափակեց նա։
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ հին հարաբերությունների կարգով, երբ Սովետական Ադրբեջանի ղեկավարը Հեյդար Ալիևն էր, Սերժ Սարգսյանի որպես կոմսոմոլի ակտիվստ, Ռոբերտ Քոչարյանը որպես պարտկոմ՝ բոլոր իրենց հետաքրքրող հարցերով դիմում էին Ալիևին․«Հիմա դեժավյու է, իրենց կյանքում պրոբլեմներ են առաջացել, մերժվել են ՀՀ քաղաքացիների կողմից՝ դիմում են իրենց նախկին շեֆերին, կոնտակտի մի ձև է։ Բովանդակությունը կարևոր չէ։ Նրանք 20 տարի անկախ Հայաստանում էլի դրանով են զբաղված եղել, ինքը տաս տարի Ալիևի հետ շփվել է , բան ուներ ասելու, թող այն ժամանակ ասեր Շուշիի, Մադրիդյան սկզբունքների, Կազանի փաստաթղթի մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Արշակյանի՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը նախապատրաստել են Շուշիի հանձնմանը․«Նա ու իր ընկերը 20 տարի Հայաստանը պատրաստել են կապիտուլյացիայի։ Իրենք ստացել են Շուշիով, Աղդամով ու Քելբաջարով, բայց 20 տարի քայքայել են այդ ժառանգությունը այսօրվա օրը ստանալու համար։ Հիմա էլ նոր կոնտակտ ու հարաբերություններ են ստեղծում կամ այնտեղ կամ այստեղ վերադառնալու համար։ Ես բովանդակությունը կարևոր չեմ համարում, կարևորը որ դիմում են նրանց։ 2018 թվականի Աժ իշխող հակահեղափոխական իշխանության բոլոր հայտարարությունները էլի դիմում էին Ադրբեջանին, բայց չի ստացվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։