Հայաստանում պատվաստման գործընթացի տեմպերն առաջընթաց են գրանցել.պաշտոնական տվյալների համաձայն՝ պատվաստողների թիվը մեկ օրում հասել է 15000-ի:Թեև ամբողջ աշխարհում պատվաստվողների թվի աճի միտում կա,սակայն Հայաստանում այն առանձնակի երևույթ է, քանի որ Հայաստանը պատվաստվողների թվով,պրոգրեսով աչքի է ընկնում «բացառիկ» հետնապահ ցուցանիշներով. Հայաստանում բնակչության 8,9%-ը պատվաստվել է մեկ անգամ, իսկ երկու անգամ՝ 4,9%-ը, մինչդեռ,օրինակ, Ադրբեջանում պատվաստավածները արդեն կազմում են բնակչության 47%-ը։ Նշենք,որ պատվաստումների աշխուժացումանը, ցուցանիշների կտրուկ ավելացմանը անմիջապես նախորդել էր Առողջապահության նախարարի՝հոկտեմբերի 14-ից ուժի մեջ մտնող հրամանի հաստատումը, ըստ որի՝ 14 օրը մեկ բոլոր աշխատողներից պահանջվելու է պատվաստված լինելը հաստատող կամ ՊՇՌ թեստավորումը հավաստող փաստաթղթեր,և այդ ընթացակարգը իրականացվելու է խիստ հսկողությամբ,պահանջները չապահովելու դեպքում գործատուների նկատմամբ տույժերի սահմանումով:
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի կարծիքով մեզ մոտ պատվաստումների աճը անխուսափելիորեն կապ ունի նախարարի հրամանով նախատեսվող համաճարակային կանոնների խստացման հետ, որը ամբողջ աշխարհում է կատարվում մեծ թափով և արդեն տվել է իր դրական արդյունքները: Համաճարակաբանի խոսքով՝այս դեպքում գործ ունենք այն իրադրության հետ,որ մարդկանց մեծամասնությունը,հատկապես հայ մարդկանց, հասկանալով, որ բախվում են թեստավորման պարտադրանքով ֆինանսական լրացուցիչ ծախսերի, դիմում են պատվաստումների տարբերակին: Գործատուների տրամադրվածությունն էլ այս հարցում էական նշանակություն ունի: Եթե այս տեմպերը ունենան շարունակական զարգացում,մենք ևս միանշանակ կունենանք որոշակի դրական տեղաշարժ, որովհետև ամբողջ աշխարհում արդեն հաստատապես ապացուցված է,որ պատվաստվածների մոտ մահվան ելքի հավանականությունը մեկ տոկոսից ցածր է,իսկ հիվանդանալու դեպքում մի քանի անգամ ավելի թեթև են տանում:Այնպես,որ հավանականություն կա,որ համաճարակաբանական իրավիճակը կբարելավվի,բայց ոչ շատ արագ կերպով,որովհետև մենք մեր ցուցանիշներով շատ ենք զիջում,շատ ենք հետ մնում մյուս երկրներից,,մանավանդ երկու անգամ պատվաստվածների թվով,ովքեր դեռ պետք է ստանան երկրորդ բաժինը,որից անցնի ևս 2-3 շաբաթ,որպեսզի համարվեն վակցինացված:
Տիկին Մերի-Տեր Ստեփանյանը համոզված է,որ այսպիսի ցածր տեմպեր պայմանավորված են առաջին հերթին լայն հակաքարոզչությամբ, որը ընթանում է, ինչպես ցավալիորեն բժիշկների, այնպես էլ ոչ մասնագետների, քաղաքական ուժերի կողմից: Հակաքարոզով զբաղվող մարդիկ, օգտվելով քաղաքացիների կասկածներից, հակասական տեղեկացվածությունից, բնական վախերից,այն հանգամանքից, որ պատվաստանյութերը անհրաժեշտ ժամանակահատվածով փորձաքննություն չեն անցել,անընդհատ շահարկումներ են անում՝այդ թվում քաղաքական նպատակներով: Արդյունքում օրական ունենում ենք 20 մարդու մահ,մահեր:Այս հարցում մեծ բացասական դեր ունի սոցցանցերում տարածվող ապատեղեկատվությունը և հատկապես մեդիագրագիտության խնդիրը, շատ ցածր մակարդակը մեզ մոտ, երբ սոցկայքերում պատահող ամենաանհեթեթ կամ ամենաշահարկվող տեղեկատվության հանդեպ տարրական գիտելիքներ,պաշտպանվածություն չունեն մեծ թվով մարդիկ: Հատկապես շատ է շահարկվում մարդկանց վերարտադրողականության հարցը իբրև թե պատվաստման պատճառով առաջացող,և ես հասկանում եմ այն երիտասարդ կանանց,ովքեր կարդում, հավատում ու հրաժարվում են պատվաստվելուց: «Եթե ես էլ մասնագետ չլինեի,մի քիչ էլ հեռու լինեի առողջապահական ոլորտից, գիտելիքներ չունենայի,միանգամից կկասկածեի և նույն դիրքորոշումը կունենայի: Մինչդեռ մենք ունենք շատ այլ վիրուսներ, պատվաստանյութեր,որոնք կարող են ստեղծել անպտղության վտանգ,բայց,չգիտես,ինչու,այն վերագրում են դրա հետ կապ չունեցող Covid-19-ին»,- շեշտեց համաճարակաբանը: Նրա խոսքով,դրա համար պետք է, որ նման նյութեր տարածողները և հատկապես կարդացողները չսահմանափակվեն մի տեղեկատվությամբ,գտնեն և ավելի շատ լսեն գիտակ, ազնիվ մասնագետների կարծիքը:
Մեր հարցին,թե ինչպես կմեկնաբանի ՍԴ-ում նախարարի որոշման բողոքարկման ակտերը,Մերի Տեր-Ստեփանյանը շեշտեց, որ այդպիսի քայլ անողները մասնագետներ չեն, տեղեկացված չեն և չեն պատկերացնում՝ինչքան մեծ վտանգ է սպառնում վիրուսը հազարավոր մարդկանց կյանքերին, հանրային առողջությանը, բայց այդ մարդիկ, որպես իրավապաշտպաններ՝ազատ են, կարող են դիմել, վիճարկել: «Ամբողջ աշխարհում են հարկադրված գնում նման սահմանափակումների՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի ցուցումները, որոշումները, ու ինձ ամենից շատ զարմացնում ու տխրեցնում է, որ հենց բժիշկներն են մեզ մոտ պաշտպանում հակապատվաստումային բողոքները,քարոզները: Որևէ գրագետ երկրում մասնագետի կողմից չես տեսնի նման ոչ բանիմաց մոտեցում խնդրին »,-ավելացրեց մեր զրուցակիցը:
ՊՇՌ թեստի անմատչելիության հետ կապված բողոքների վերաբերյալ տիկին Տեր-Ստեփանյանը կարծում է,որ դա ևս մի առիթ կլինի,որ մարդիկ նախընտրեն անվճար վակցինացիան,քան լրացուցիչ ֆինանսական բեռի տակ մտնեն և դրանով ներդրում ունենան ավելի շատ թվով մարդկանց կյանքի,առողջության պահպանման մեջ: «Ես ինքս այսպիսի մտքերով շատ հաճախ արժանանում եմ և դեռ կարժանանամ պարսավանքի,խիստ քննադատության,բայց ես պատրաստ եմ ընդգծված բացասական վերաբերմունքի,նույնիսկ՝ատելության արժանանալ,բայց փրկել գոնե մի կամ մի քանի հոգու կյանք: Ոչ մի դեպքում չեմ նահանջելու այս պայքարից»:
ԵՊԲՀ-ի աշխատակազմից թեմայի հետ կապված մեկնաբանեցին, որ մտահոգիչ են այսքան հակասական,հակապաստվաստումային քննարկումները, և ցավալօիորեն կունենան իրենց բացասական ազդեցությունը պատվաստման ընթացքի,տեմպերի վրա: ԵՊԲՀ-ից մեզ ներկայացրին նաև իրենց լիազորության տակ գտնվող հիվանդանոցների մասով տվյալները, ըստ որի՝ պատվաստվածների շրջանում եղել են նորից վարակվողներ,բայց շատ քիչ թվով,իսկ մահացածության դեպքեր չեն գրանցվել: Թվերի տեսքով ներկայացրած՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում,օրինակ,շուրջ 1300 հիվանդների շրջանում պատվաստվածները եղել են ընդամենը 16 հոգին,որոնցից ոչ մի վարակակիր հիվանդությունը ծանր չի տարել և չի հայտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ հակառակ նրանց,ովքեր որ պատվաստված չեն եղել:
Ըստ աշխատակցի՝այս դեպքերը աղաղակող փաստեր են՝ հօգուտ վարակի դեմ պատվաստման,հետևաբար համաճարակային վիճակը կարող է բարելավվել միայն բնակչության ընդհանուր և շուտափույթ պատվաստման շնորհիվ: