Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Բաքու այցից հետո մտադիր է այցելել նաև Երևան, երկու երկրների միջև միջնորդություն իրականացնելու իր ավելի վաղ արած պատրաստակամությունն առաջ մղելու համար: Ղարիբաշվիլին միջնորդական պատրաստակամության մասին հայտնել էր սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով: Նախօրեին այդ թեմայի վերաբերյալ անդրադարձում նկատել էի Վրաստանի իշխանության այդ մղման մոտիվում ներքաղաքական հնարավոր որոշակի հանգամանքների առկայության հավանականության մասին: Այդ դիտարկման հիմքը ավելի է խորացնում այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, թե Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում պայմանավորվել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որ առաջիկայում կարող են սկսել ռեգիոնալ այցերը Երևան, Ստեփանակերտ, Բաքու:
Մինսկի խմբի աշխուժացման հավանականության օգտին է խոսում և այն, որ Նյու Յորքում նախարարների հետ համանախագահների հանդիպումից հետո համանախագահների հետ են հանդիպել նաև ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասմավորապես, համանախագահների հետ հանդիպել և նախարարների հետ նրանց հանդիպման «հաջող արդյունքը» քննարկել էին պետքարտուղար Բլինքենի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գլխավոր օգնականը, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերի գլխավոր պատասխանատուն: Այս հանգամանքը վկայում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնավորապես փորձում է ավելի մեծ և անմիջական հետաքրքրություն դրսևորել հնարավոր գործընթացի վերաբերյալ և այստեղ Վրաստանի պարագան, հաշվի առնելով ամերիկա-վրացական հարաբերությունը, կարող է ունենալ որոշակի հետաքրքիր ենթաշերտ: Մասնավորապես, մի կողմից Մինսկի խմբի համանախագահության աշխուժացումը, մյուս կողմից կարող է ուղեկցվել այսպես ասած «զուգահեռ պահեստային» խողովակներով, որ Նահանգները կարող է ձևավորել ի հակակշիռ այլ «խողովակների», որ կան ռեգիոնում, օրինակ ռուս-թուրքական ձևաչափի տեսքով:
Միաժամանակ պետք չէ բացառել նաև ֆրանս-ռուսական հնարավոր հարաբերության դիտարկումը, հատկապես ամերիկա-ֆրանսիական վերջին անհամաձայնությունների ֆոնին, որ առաջացան ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա եռյակ ալյանսի մասին հայտարարելուց հետո: Այլ կերպ ասած, թերևս անհիմն չի լինի դիտարկել տարբերակ, երբ Վրաստանը կլինի ԱՄՆ «դեսպանը» հայ-ադրբեջանական խնդրի շուրջ ձևավորված բազմաշերտ միջավայրում, հատկապես նկատի ունենալով այն, որ ռազմագերիների հարցում ԱՄՆ նախաձեռնությամբ և Վրաստանի մասնակցությամբ տեղի ունեցավ 15 հայ ռազմագերիների վերադարձը հունիսին: