
Սեպտեմբերը 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Հայաստան» դաշինքից հայտնում են, որ քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա և հետագա մարտավարությունը: Անդրադարձ է կատարվել նաև խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվեց հետագա ռազմավարությունը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ առաջին անգամ չէ, որ Քոչարյանը հանդիպում է իր թիմակիցների հետ։ Բայց ինչ վերաբերում է փողոցային պայքարի հաջողություններին, մեր զրուցակիցն ասաց ՝դրա հնարավորությունը կա, սակայն կան որոշակի վերապահումներ․«Պետք է մի բան ընկալել՝ փողոցային պայքարն ինքնանպատակ լինել չի կարող։ Վերջին 30 տարվա ընթացքում փողոցային պայքար շատ եմ տեսել, երբ ընդամենը երթեր ու ցույցեր էին անում ու ոչ մի նպատակի չէին հասնում։ Պետք է իմանաս, թե ինչպես ես օգտագործում այդ պայքարը, ինչ նպատակ ես քո առաջ դնում, ինչպես է այն համակարգվում պայքարի այլ ձևերի հետ։ Շատ դեպքերում, երբ ասվում է փողոցային պայքար՝ մարդկանց թվում է, թե փողոցային պայքարի ժամանակ պետք է ջարդեն, փշրեն, հարվածեն։ Դա փողոցային պայքար չէ։ Կարող է մի քանի հոգի պիկետ անեն ու դա շատ ավելի ազդեցիկ լինի, քան երթերն ու ցույցերը։ «Հայաստան» դաշինքի դաշնակցական թևը շատ է նշում, որ հեսա փողոցային պայքար են սկսում։ Բայց փողոցային պայքարը ինքնանպատակ չի լինում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ կա փողոցային պայքարի մի քանի թեմա, որը կարող է աշխատող լինել․ «Սակայն մենք տեսնում ենք, որ «Հայաստան» դաշինքը դեռևս խոսում է այդ մասին, բայց որևէ գործողություն չի անում։ Մնացել է ընդամենը երկու ամիս՝ հոկտեմբեր-նոյեմբեր, երբ հնարավոր կլինի փողոցային պայքար անել։ Դրանից հետո փողոցային պայքարը մի քանի ամսով կդադարեցվի։ Բայց ֆիքսենք, որ միայն փողոցային պայքարով ոչնչի հասնել հնարավոր չէ, այն պետք է լինի կոմպլեմենտար։ Դրանցից մեկը փողոցն է։ Կանի՞ այդ գրագետ ձևը, կունենա հաջողություն, չի անի՝ չի ունենա։ Միտինգ, հանրահավաք, երթեր․․․ վերջին 30 տարվա ընթացքում այնքան ենք տեսել, որ ոքի չեն զարմացնի։ Այս պահի դրությամբ չէինք ասի, որ դաշինքը գերազանց հաջողության է հասնում իր պայքարում առհասարակ, նկատի ունեմ ոչ միայն փողոցը։ Չնայած վերջին երթը ցույց տվեց, որ Երևանում դեռևս վստահություն, անհրաժեշտության դեպքում կարող է մարդկանց փողոց դուրս բերել, բայց դա չի նշանակում, որ նա դա կանի։ Մնացել է այդ առիթը գրագետ օգտագործել»։
Լուսանկարը՝ panorama.am-ի