
Աչքի վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցության վերաբերյալ որևէ ապացույց չկա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր Էնթոնի Ալդավեն նշեց, որ պատվաստանյութի բացասական հետևանքների մասին հայտնի չէ:
«Մենք պետք է տարանջատենք առանց հիմնավորման շրջանառվող տեղեկությունները, բամբասանքները, գիտական ապացուցված նյութերից: Որպես բժիշկ, որպես ակնաբույժ ուզում եմ ընդգծել, որ կորոնավիրուսից բացասական հետևանքները շատ ավելին ծանր են, մահվան ռիսկը շատ ավելի բարձր է, քան այն չնչին ռիսկը, որը կարող է ունենալ պատվաստանյութը»,-ասաց Էնթոնի Ալդավեն:
Նա նշեց, որ ինքը պատվաստվել է, առաջին դեղաչափը ստացել է նախորդ դեկտեմբերին, երկրորդը հունվարին: Պրոֆեսորը պնդում է, որ պատվաստումը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու, հոսպիտալացվելու ու մահվան ռիսկը:
«Տարբեր երկրներում տարբեր պատվաստանյութեր են կիրառվում, դրանք բոլորը նվազեցնում են նշածս ռիսկերը: Հորդորում եմ պատվաստվել: Եթե ձեզ համար չեք դա անում, ապա արեք այն մարդկանց համար, որոնց սիրում եք»,-ասաց Էնթոնի Ալդավեն: