
Հայաստանում Իրանի դեսպանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված հայտնի իրավիճակն ու այն հաղթահարելու նպատակով շրջանցիկ ճանապարհների կառուցման խնդիրը: Սուրեն Պապիկյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն գործում է այդ ճանապարհները կառուցելու ուղղությամբ: Քննարկվել է նաև Հայաստան-Իրան երկկողմ գործակցության օրակարգ, տնտեսական հարցեր, տարբեր ոլորտներում տնտեսական հարաբերության հեռանկարներ: Իրանի դեսպանի և Հայաստանի փոխվարչապետի հանդիպումը այդ հանգամանքից զատ, պայմանավորված է թերևս մեկ այլ, ավելի լայն համատեքստով, որ հետաքրքրում է Իրանին:
Ակնառու է վերջին օրերին Իրանի դեսպանի աշխուժությունը Հայաստանի տարբեր պաշտոնյաների հետ շփումների առումով, ինչը մի կողմից շատ հասկանալիորեն կախված է հենց Գորիս-Կապան ճանապարհի խնդրով և հեռանկարային լուծումների փնտրտուքով, մյուս կողմից թերևս արցախյան հարցում, հայ-ադրբեջանական հակամարտությունում տեղի ունեցող որոշակի շարժերով: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ Իրանի դեսպանի հանդիպումը հաջորդում է Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ծավալված զարգացումներին: Համանախագահները հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այդ հանդիպումից հետո համանախագահների հետ հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղարության և ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան դիվանագետներ, որոնք հանդիպումը գնահատեցին հաջող: Իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ համանախագահները քննարկել են ռեգիոն այցելելու հարցեր, այդ թվում Ստեփանակերտ: Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեմ չէ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելուն: Սրանք նշաններ են, որոնք ակնհայտորեն խոսում են Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում որոշակի տեղաշարժի մասին: Իսկ այդ հարցը Իրանին մշտապես հետաքրքրել է թե պատերազմից առաջ, թե հետաքրքրում է պատերազմից հետո: Իրանը բնականաբար փորձում է համակողմանիորեն տեղեկանալ, թե ինչ ծավալի կամ բովանդակության շարժի մասին է խոսքը: Իրանին այդ հանգամանքը առավել քան հետաքրքրում է ադրբեջանա-իրանյան լարվածության, և Թեհրանի հանդեպ Ադրբեջանի «լեզվի երկարության» դրսևորման ֆոնին:
Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը փոխվարչապետ Պապիկյանի հետ հանդիպմանը թերևս փորձել է հասկանալ, արդյո՞ք Թեհրանը կարող է ունենալ համանախագահության աշխուժացման ուղղությամբ շարժերից մտահոգվելու պատճառ: