
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մերժել է երկխոսության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, որը հնչեցվել էր հյուսիսկորեական հերթական հրթիռի արձակումից հետո։ Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը։
Կիմ Չեն Ինի կարծիքով՝ երկխոսության մասին առաջարկն ԱՄՆ նախկին վարչակազմերի կողմից իրականացված թշնամական քաղաքականության շարունակությունն է։
«Ինչպես հստակ ցույց է տվել վերջին 8 ամիսների պատմությունը՝ ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալու պահից ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքն ու թշնամական քաղաքականությունը մեր հանդեպ ընդհանրապես չեն փոխվել»,-ասել է Կիմ Չեն Ինը։
Բացի այդ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ կապուղիները կարող են հոկտեմբերի սկզբից վերականգնվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հյուսիսային Կորեան փորձարկել էր նոր տիպի հիպերձայնային «Հվասոն-8» հրթիռը։