
Եվ այսպես,
Սեպտեմբերի 27,
մի յուրատեսակ հաշվետվություն ներկայացնելու օր, հաշվետվություն՝ արածների և հատկապես չարածների վերաբերյալ, հաշվետվություն՝ առաջին հերթին ինքդ քո առաջ, հաշվետվություն՝ կազմակերպությունների գործունեության տեսակետից, հաշվետվություն՝ պետական մակարդակով։
Սեպտեմբերի 27-ին վերսկսված պատերազմը, որն այս անգամ բնութագրվեց որպես տեխնոլոգիական պատերազմ, ի ցույց դրեց տեխնոլոգիական տեսակետից մեր մերկությունը, ցրեց «հզոր» ռազմարդյունաբերություն ունենալու միֆը և պատժեց տարիներ շարունակ «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ» ունենալու իմիտացիայի համար։ Նոյեմբերի 9-ի շառաչուն ապտակից հետո, բոլորն անխտիր ու անդադար խոսում են, թե ինչքան կարևոր է գիտությունը մեր համար, որ մեր գլխավոր խնդիրը կրթության մեջ է, որ պետք է ունենանք սեփական (ռազմ)արդյունաբերությունը և այլ նմանատիպ ակնհայտ մտքի գոհարներ։ Բոլոր նրանք, ովքեր նշված խնդիրները նկատել կամ գիտակցել են նոյեմբերի 9-ից հետո, իրականում իրականության ընկալման խնդիրներ ունեին կամ ցանկանում էին խաբված լինել և/կամ շարունակել այդպես մնալ։ Առնվազն կույր էր պետք լինել կամ ձևանալ այդպիսին, չտեսնելու համար թե ինչպես էր տարիներ շարունակ (հատկապես վերջին 15 տարիներին) հետևողականորեն ոչնչացվում տեխնոլոգիական կրթությունը և գիտությունը Հայաստանում, մասնավորապես միակ տեխնոլոգիական համասարանում՝ Պոլիտեխնիկում։
Պոլիտեխնիկը, որ «ի պաշտոնե» պետք է ստանձներ երկրի տեխնոլոգիական զարգացման լոկոմոտիվի դերը, լիներ տեխնոլոգիական պատրաստի կադրեր «արտադրող», «մատակարարող» և «արտահանող» հիմնական հայկական համալսարանը, որը պետք է արմատախիլ աներ 90-ականներին ներմուծված «ինժիներ բալա» տերմինը, կամաց-կամաց վերածվեց 4 տարի սովորելու համար դիպլոմ տվող կազմակերպության։ Համալսարանի շարունակական անգրագետ կառավարումը հանգեցրեց նրան, որ համալսարանը հայտնվեց ուղիղ կախվածության մեջ ուսանողների վարձավճարներից, որը հանդիսանում է «գոյատևման» հիմնական աղբյուրը, ինչն ուղղակիորեն նվազեցնում է ուսման որակը, քանի որ թույլ չի տալիս ազատվել վատ առաջադիմություն ունեցող ուսանողներից։ Այնինչ, պետք էր հետևողական աշխատանք տանել ֆինանսական հոսքերի դիվերսիֆիկացիայի և նոր աղբյուրների հայտնաբերման ու ներգրավման համար։ Դրա համար Պոլիտեխնիկը պետք է ունենար լայն տեսլականով ու աշխարհայացքով ռեկտոր, այլ ոչ թե սեփական «ես»-ին սիրահարված, այդ «ես»-ին քծնողներին մեծարող ու «տեղ տվող», սեփական քթից այն կողմ չտեսնող մեկը։ Այդ մեկի անունն է Ոստանիկ Մարուխյան, ով արդեն 16 տարի է հյուծում ու կազմաքանդում է Պոլիտեխնիկը։
Միայն միամիտն է կարծում, որ պատերազմն ավարտվել է, կամ էլ չի կրկնվելու։ Եվ պարզից էլ պարզ է, որ որքան տեխնոլոգիապես անպատրաստ լինենք, այնքան դրա վերսկսման հնարավորությունը մեծանալու է և կորուստներն ու վնասներն էլ ավելի մեծ են լինելու։
Իսկ ի՞նչ է պետք անել տեխնոլոգիական պատերազմին տեխնոլոգիապես պատրաստ լինելու համար։ Առնվազն չանել այն, ինչ մինչև հիմա արել ենք։ Չէ՞ որ, խորը փոսում հայտնվելուց հետո, փոսից դուրս գալու առաջին նախապայմանն է՝ դադարել փորել։ Իսկ մենք փորում ենք ու փորում։ Մի՞թե 4 տարի առաջ ասպիրանտուրան ավարտածին Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում «ընտրել»-ն այդ «փոս փորել»-ը շարունակել չէր։ Մի՞թե քաղաքական նպատակահարմարությունից ու զանազան «քաղտեխնոլոգներ»-ի կանխագուշակումներից ելնելով այդ խայտառակ ու պայմանավորված «ընտրության» հաստատումն այդ «փոս փորելու» շարունակությունը չէր։ Դա ավելին էր, քան «փոս փորել» շարունակելը, դա տարիներ շարունակ հյուծվող Պոլիտեխնիկի դագաղի վերջին մեխն էր, որ խփվեց հեղափոխական իշխանության կողմից։ Շահագրգիռ երկու նախարարությունները՝ ԿԳՄՍ և ԲՏԱ, շարունակում են իմիտացիա անել, թե խնդիրն իրենց «հուզում» է, որ ցանկանում են խնդիրը լուծել, իբր թե լուծումներ են փնտրում։ Դա այն դեպքում, երբ մի հատ ձեռագիր թղթի կտորով, որը Պոլիտեխնիկի «ընտրիչներ»-ը արձանագրություն են հռչակել, հաստատեցին Պոլիտեխնիկի պատմության թերևս ամենաամոթալի «ընտրության» արդյունքները։ Հաստատեցին յուրահատուկ ձևով՝ ծածուկ և մեր թիկունքում։ Այնինչ, այլ համալսարանների ռեկտորներին հաստատելիս, հրավիրում էին կառավարության նիստին, շնորհավորում, գուցե նաև հարցեր ուղղում կամ գոնե դեմքը տեսնում։ Չնայած, գուցե և յուրատեսակ ուղերձ էր, որ «հաստատում ենք, բայց քեզ չենք ընդունում, ուղղակի դիմացը ընտրություններ են և չենք ցանկանում ձայներ կորցնել»։ Սա հատուկ գործելաոճ է, խնդիրը լուծելու փոխարեն, այն քողարկելով լուծման իմիտացիա ստեղծել։ Ինչևէ, մայիսի 3-ի թաքուն ընթացակարգով, Մարուխյանի աթոռին նշանակվեց և սկսեց Պոլիտեխնիկի ռեկտորի աշխատավարձ ստանալ Վարդանյան Գոռը։
Վերադառնանք սպասվող տեխնոլոգիական պատերազմին և դրա կանխարգելման հիմնական միջոցին, այն է՝, ունենալ իրապես հզոր տեխնոլոգիական և (ռազմ)արդյունաբերական երկիր։ Դրան հասնելու համար պետք է անել ավելին, քան արվել է, պետք է չարվեն այն սխալները, որ թույլ են տրվել։ Վերանայել տեխնոլոգիական կրթության ու գիտության կազմակերպման, դրան հատկացվող պետական և հասարակական ուշադրության ու վերահսկման մեխանիզմերը։ Պետք է հնարավորինս շուտ կամ ստեղծվի մեկ այլ՝ տեխնոլոգիական համալսարան կամ վերանայվի Պոլիտեխնիկի կարգավիճակը, տարբերակներ դիտարկվի ԲՏԱ, ՊՆ, ՌԱԿ և այլ պետական կառույցների հետ ուղիղ կամ միջնորդավորված աշխատելու հնարավորությունը, ինչու ոչ՝ նաև նշված կառույցների ազդեցության մեծացումը Պոլիտեխնիկի կառավարման և ստրատեգիական պլանավորման գործում, թույլ չտալով և/կամ կանխելով իշխանության յուրացումն ու վերարտադրությունը Պոլիտեխնիկում։ Օր առաջ Պոլիտեխնիկում պետք է բացվեն ռազմական գործին ու ճարտարագիտությանն առնչվող մասնագիտություններ։
Այսպիսով, տվյալ անձի նշանակումից հետո անցել է արդեն 5 ամիս։ Որպես ՀՀ քաղաքացի, ում անվտանգությունն ուղղակիորեն կախված է Հայաստանում մրցունակ տեխնոլոգիական համալսարան ունենալ-չունենալու հանգամանքից, հանրային հաշվետվություն եմ պահանջում Պոլիտեխնիկից, մասնավորապես բոլոր լրագրող ընկերներիս, խնդրում եմ Պոլիտեխնիկի ռեկտորի աթոռը զբաղեցնող անձից հարցազրույց վերցնել և ուղղել հետևյալ հարցերը (որոշ հարցերի պատասխանները կգրեմ, եթե սխալ եմ, թող ուղղեն)․
- Ռեկտոր նշանակվելուց հետո (անցել է 5 ամիս), քա՞նի անգամ եք հանդիպել ԿԳՄՍ նախարարին – 0,
- Ռեկտոր նշանակվելուց հետո, քանի ոլորտային պետական պաշտոնյայի հետ եք հանդիպել սեփական նախաձեռնութամբ – 0 (ԲՏԱ նախարար Չոբանյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել նախարարի նախաձեռնությամբ),
- Քա՞նի արտերկրյա հեղինակավոր համալսարանի հետ եք համագործակցության փորձ սկսել – 0,
- Ռեկտոր նշանակվելուց հետո, քա՞նի նոր տեղական գործընկերների եք ներգրավել – 0,
- Ռեկտոր նշանակվելուց հետո, քա՞նի նոր օտարերկրյա գործընկերների եք ներգրավել – 0,
- Ռեկտոր նշանակվելուց հետո, որքան ֆինանսական հոսքեր եք ներգրավել – 0,
- Ռեկտոր նշանակվելուց հետո, քանի պոտենցիալ ներդրողների հետ եք հանդիպել -0,
- Ռեկտոր նշանակվելուց հետո, քա՞նի անգամ եք հանդիպել Պոլիտեխնիկի համար հույժ կարևոր միությունների (Առաջատար Տեխնոլոգիական Ձեռնարկությունների Միություն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, Ինժեներական Ասոցիացիա) ղեկավար կազմի հետ – 0,
- Ռեկտոր նշանակվելուց հետո, քանի անգամ եք մասնակցել Պոլիտեխնիկից դուրս կազմակերպված տեխնոլոգիական միջոցառումների – 0,
- Ռեկտոր նշանակվելուց հետո քանի անգամ եք հանդիպել տեղական առաջատար ընկերությունների ղեկավար կազմի հետ – 0,
- Ինչ նոր արդիական կրթական ծրագրեր են մշակվել կամ մշակվում,
- Որքա՞ն գումար է մուտք եղել համալսարանի բյուջե Պոլիտեխնիկի մարզահամալիրի, մասնավորապես սպորտային դահլիճների վարձակալությունից (ճիշտ կազմակերպման դեպքում անգամ կոպիտ հաշվարկով դահլիճները կապահովեն ամսեկան 4 000 000 դրամի մուտք),
- Բացի մանկապարտեզ ու ճամբար այցելելուց, ուրիշ ինչ օգտակար գործ եք արել Պոլիտեխնիկի համար։
Վերը նշված «0»-ները պատահական չեն, դրանք վերցված են Պոլիտեխնիկի պաշտոնական կայքից, որի նորությունների բաժինը ողողված է ռեկտորի բուռն գործունեության պարզաբանման նորություններով։
Հռետորական հարց այս ամենի կազմակերպիչներին ու լուռ հանդուրժողներին – ո՞վ է պատասխան տալու այսքան չարվածի ու կորսված ժամանակի համար։
Ինչպես տեսնում ենք, համալսարանը հասցվել է կատարյալ «изгой»-ի կարգավիճակի, թե ներքին թե արտաքին գործընկերների կողմից Պոլիտեխնիկի ռեկտորն ընդունելի և վստահելի գործընկեր չէ, ում հետ կարելի է երկարաժամկետ համագործակցություն պլանավորել, այլապես գոնե տեղական պոտենցիալ գործընկերները քայլեր կձեռնարկեին։
Եթե իսկապես ուզում ենք ունենալ տեխնոլոգիապես զարգացած (ռազմ)արդյունաբերական Հայաստան, ապա օր առաջ պետք է դրա կադրերի հիմնական պատրաստող ու մատակարար Պոլիտեխնիկում լրջագույն փոփոխություններ անել՝ սկսելով Համալսարանի ներկա ու նախկին ղեկավարների ու նրանց արբանյակների հեռացումից, այլապես, մնացածն ընդամենը իմիտացիա է։ Այդ գործում շատ կարևոր է նոր Հոգաբարձուների Խորհրդի ձևավորումը և հուսանք ԿԳՄՍ նախարարությունն ու Կառավարությունը լավ երկար ու խորը կմտածեն իրենց կողմից առաջադրվող անդամների թեկնածությունների վերաբերյալ և հետևություններ արած կլինեն նախկին ու ներկա ռեկտորների կամակատարներին վերանշանակելու հարցում։
Պոլիտեխնիկը փորձադաշտ չէ և մենք իսկապես ժամանակ կորցնելու ժամանակ չունենք։ Բավական է իմիտացիա ստեղծեք, թե դուք ունակ եք Հայաստանի համար մրցունակ տեխնոլոգիական կրթություն ու գիտություն կազմակերպելու։
ՀԳ Պոլիտեխնիկի ապագայով ու իբր թե վարկանիշի անկմամբ մտահոգ «նվիրյալներ»-ը թող ինձ բարեվարքության դասեր չտան ու քարոզ չկարդան, թե իբր պետք չի մեր կեղտոտ լվացքը հանել դուրսը փռել։ Այդ կեղտն այնքան պահեցիք ու հանդուրժեցիք, որ մաքուր օդն արդեն Ձեր համար տանելի չէ։
ՀԳԳ Հիշեցնեմ, որ Պոլիտեխնիկի ռեկտորի «ընտրության» արդյունքների չեղարկման պահանջով երկու դատական հայց է ներկայացված, որոնք ընդունվել են վարույթ (Գործի համար: ԵԴ/13674/02/21 (Հայցվոր՝ Դավիթ Ղազարյան), ԵԴ/22135/02/21 (Հայցվորներ՝ Արամ Միքայելյան, Պարգև Բալջյան))։ Գործերից մեկով առաջին նիստը տեղի է ունենալու Սեպտեմբերի 30-ին, իսկ մյուսով՝ Նոյեմբերի 2-ին։
Դավիթ Ղազարյան,
տ․գ․թ․, դոցենտ
Հավերժ Պոլիտեխնիկցի