
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մեկ շաբաթում՝ սեպտեմբերի 20-26-ը, աշխարհում 10 տոկոսով նվազել են քովիդով հիվանդացության և այդ վիրուսից մահացության ցուցանիշները։ Տվյալները համեմատվում են սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածի հետ։
ԱՀԿ-ի ամենաշաբաթյա համաճարակային տեղեկագրում նշվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում տվյալներ են ստացվել վարակման ավելի քան 3․3 մլն նոր դեպքի և մահվան ավելի քան 55 հազար դեպքերի մասին։
Վերջին շաբաթում վարակման դեպքերն Արևելյան Միջերկրականում նվազել են 19 տոկոսով, հիվանդացության մակարդակի նվազումն ԱՄՆ-ում կազմում է 14 տոկոս, Աֆրիկայում՝ 12 տոկոս, Արևմտյան-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 15 տոկոս, իսկ Հարավարևելյան Ասիայում՝ 10 տոկոս։
Սեպտեմբերի 28-ի տվյալներով՝ պանդեմիայի մեկնարկից ի վեր աշխարհում գրանցվել է հիվանդացության 232 075 351 դեպք, մահացել է 4 752 988 մարդ։
ԱՀԿ ներկայացուցիչ մարգարետ Հարիսը դեռևս սեպտեմբերի 21-ին հայտարարել էր, որ հիվանդանոցներում մահվան դեպքերի 99 տոկոսը բաժին է ընկնում չպատվաստված մարդկանց։