ԵԽԽՎ-ն աշնանային և եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձևին։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հաղորդմամբ` վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով, 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը, հետևաբար, այդ պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:
«Վեհաժողովը գտնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության, խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ:
Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել», – նշել է Ռուբինյանը` հավելելով, որ բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին, ինչպես նաև ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան:
Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն ընդունված բանաձևը շատ կարևոր է համարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանն ասաց․ «Դեռ բուն տեքստին ծանոթ չենք, բայց դատելով այն հաղորդագրությունից, որ տարածել է Ռուբեն Ռուբինյանը՝ կարող ենք ասել, որ այստեղ մի քանի կարևոր արձանագրումներ են արել։Ֆիքսենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան սրան դեմ են քվեարկել։ Սա կարևոր արձանագրում է հնեց ձևավորվելիք եվրոպական քաղաքականության համատեքստում։ Այսինքն՝ կա կոնսենսուսային մոտեցում, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան չկան։Այն գնահատականները, որ հնչեցվել են՝ եվրոպական կոնսենսուսի արդյունք են և համահունչ են Հայաստանի մոտեցումներին, ինչը շատ կարևոր իրողություն է»։
Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշում է, որ բացի բանաձևերից անհրաժեշտ են նաև կոնկրետ գործողություններ․«Բնականաբար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ։ Բայց այնուամենայնիվ այս բանաձևը քաղաքական մոտեցումների խտացում է և հենց այդ մոտեցումներն արդեն կդրվեն քաղաքական որոշումների հիմքում»,-եզրափակեց նա։
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ կարևոր իրադարձություն է այն, որ ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցությունից մեկ տարի անց գործընթացը վերադառնում է իրավունքի, խաղաղ բանակցություննեի դաշտ․«Դա անչափ կարևոր է և նշանակում է պատերազմի նախնական արդյունքների չեղարկում, նշանակում է նաև, որ Արցախը միջազգային հանրության կողմից շարունակում է դիտվել որպես հայաբնակ շրջան՝ իր ազգային իրավունքներով, ինքնորոշման իրավունքով։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը զգուշորեն բաց հստակ ցույց է տալիս, որ դուրս է գալիս Ռուսաստանի թելադրանքի տակից ու մտնում արևմտյան քաղաքակրթական դաշտ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Խզմալյանի խոսքերով՝ այն հանգամանքը, որ այժմ արևմուտքն է փրկում Արցախը Հայաստանի համար, ուշ թե շուտ բերելու է նրան, որ Հայաստանը գնա եվրոպական քաղաքակրթական դաշտ․ «Հասկանում եմ, որ դա մի փոքր բարձր, գուցե տարօրինակ է հնչում, բայց իմ խորին համոզմամբ դա հենց այն է, ինչ կատարվում է այս օրերին»։
Խոսելով այն մասին, որ բացի բանաձևերից անհրաժեշտ է նաև պատժամիջոցների լեզվով խոսել Բաքվի ու Անկարայի հետ, Խզմալյանն արձագանքեց․ «Մեծ պետությունները վերջնագրերի լեզվով խոսում են միայն ծայրահեղ դեպքում։ Միացյալ Նահանգների Կոնգրեսն արդեն ընդունել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ բանաձև ու դա արդեն իսկ լուրջ քայլ է։Այնտեղ խոսվում է ռազմագերիների ազատ արձակման պահանջի մասին, նաև նշվում է, որ սպիտակ ֆոսֆորի կիրառման անթույլատրելիության, վարձկանների ներգրավման ու այլ ռազմական հանցանքների մասին։ Դա ասված է ու նշանակում է, որ այդ ամենը դառնալու է օրինագիծ։ Եվրոպան այս առումով հետևում է ԱՄՆ-ի օրինակին ու մենք շուտով կտեսնենք նույնը նաև Եվրամիության կողմից։ Քանի որ Մինսկի խումբը Եվրոպայի ու ԱՄՆ-ի համատեղ գործիք է, ապա այդ համատեղությունն ապահովելու համար այդ կառույցը մի փոքր ավելի զգուշավոր է, որովհետև չի ուզում խոսել վերջնագրերով։ Իմ տվյալներով՝ մինչև տարեվերջ Ալիևը պատրաստվում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա հասկացել է, որ Արևմուտքը չի ճանաչում պատերազմի արդյունքները, դա էլ նշանակում է, որ նրանք սարսափելի քաղաքական պարտություն են կրում։ Այժմ էլ փորձում է մեղմել դրա հետևանքները իր հասարակության մեջ, որովհետև այնտեղ ևս լուրջ խմորումներ կան՝ և՛ զոհերի մեծ թվի և՛ պատերազմի կասակծելի արդյունքների հետ կապված»։