Թուրքիայի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Սուլեյման Սոյլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդիի հետ։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սոյլուն շնորհավորել է իրանցի գործընկերոջը նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Նշել է, որ ներքին գործերի նախարարությունների միջև տարածաշրջանային և ռազմավարական հարաբերություններն առաջիկայում արդյունավետ կերպով խորացնելու նպատակ կա։
Իսկ երկկողմ աշխատանքները կարևոր թափ կհաղորդեն բարեկամական և պատմական կապեր ունեցող այդ երկու երկրների հարաբերություններին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև միգրացիայի, անվտանգության, սահմանային և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև այլ ոլորտների համագործակցությանն առնչվող հարցեր և ընթացիկ զարգացումներ։