
«Մեկ տարի առաջ»: Հայկական համացանցը և մեդիատիրույթը սեպտեմբերի 27-ը դիմավորում է Արցախի ու Հայաստանի դեմ մեկ տարի առաջ բռնկված աղետալի պատերազմի տարելիցի մասին ամենատարբեր հիշատակումներով, կորստի վերապրվող ցավով, թանկ ընկերների, հարազատների, հայրենակիցների մասին հիշատակումներով, որոնց հետ ուղիղ մեկ տարի առաջ ապրում էին բոլորովին այլ կյանքով, և առանց որոնց այժմ ապրում են լրիվ այլ իրողությունների պայմաններում:
Կյանքը պատերազմից առաջ և պատերազմից հետո: Հայաստանն ու Արցախը մեկ տարի է, ինչ ապրում են ահա այս ցավագին սահմանագծին, սգում մարդկային թանկ կորուստը, ցավում տարածքային կորուստների համար, և փորձում գտնել լուծումներ ու ելքեր, գտնել հիմքեր հետագա կյանքը կառուցելու, վերստին հաղթանակի ճանապարհ, հաղթող ժողովուրդների շարք վերադառնալու համար: Ճանապարհ, որից շեղվել, որը կորցրել ենք ըստ էության առաջին հաղթանակից գրեթե անմիջապես հետո, բավարար վերլուծության չենթարկելով այդ հաղթանակն ու չանելով այն պահելու համար անհրաժեշտ ռացիոնալ ու հեռանկարային, ռազմավարական հետևություններ, այլ ուղղակի հանգստանալով այդ հաղթանակի վրա, սնուցելով դրանից մեր պատրանքները, նաև տարբեր խմբերի ու շերտերի, տարբեր անհատների եսասիրական, շահադիտական, փառասիրական նկրտումները:
Հաղթանակի ճանապարհ, հաղթող ժողովուրդների շարք վերադառնալու համար մենք ունենք մեր անցած մոտ երեք տասնամյակը վերաիմաստավորելու, մեր պատկերացումներն ու հասկացությունները վերաիմաստավորելու, վերանայելու կենսական անհրաժեշտություն: Մենք ունենք կարիք առանց ավելորդ հուզականության ու պաթոսի սահմանել, հասկանալ, թե ինչ է հաղթանակը, որն է դրա մարտավարական, միջնաժամկետ, ռազմավարական իմաստը, ինչպիսին է այդ պատկերացումների իրատեսականության սահմանը: Մինչդեռ, մենք ավելի քան մեկ տարի դեռևս շարունակում ենք խարխափել պարտության ճանապարհին, ընդ որում մեզանում կան ուժեր, որոնք այդ ճանապարհին շարունակելով շահադիտական փնտրտուքները, իրենց խմբային և անձնային նպատակների համար նախընտրում են անել առավելագույնը հանրությանն ու պետությունը պարտության ցավի մեջ «տապակելու» համար, դիտարկելով դա գործող իշխանության հետ իրենց քաղաքական խնդիրները լուծելու հարմար հենք:
Միաժամանակ, կա մեծ անորոշություն Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների հեռանկարի տեսանկյունից, որտեղ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով բացակայում են ստույգ ազդակներ պետական կառավարման համակարգից: Պատերազմից մեկ տարի անց ակնառու է թերևս մի բան՝ հայկական քաղաքականության տարիների «քրոնիկ» անհամարժեքությունը հայկական պետականության խնդիրներին ըստ այդմ նաև այն, որ խորքային լուծումները հնարավոր կլինի գտնել միայն դրանց փնտրտուքով զբաղվող որակապես նոր միջավայրեր ձևավորելով՝ հասարակական, քաղաքական, մեդիափորձագիտական, տնտեսական: Որակապես նոր միջավայրեր, որոնք կկազմավորվեն ու կգործեն հուզական, պատրանքային ազդեցությունից զերծ, որոնք հայկական պետականության կյանքն ու հեռանկարը համարժեք կգնահատեն համաշխարհային կյանքի համատեքստում, այդպիսով ձևավորելով միջազգային վերափոխումների հանդեպ առավել համարժեք արձագանքման պետական-հասարակական-ազգային համակարգ: Դա է Հայաստանի ու Արցախի մեծ վերապրումի արդյունավետ ճանապարհի սկիզբը: