
Իտալայի Ա սերիայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում վաղը Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կմրցեն «Լացիոն» և «Ռոման»։ 5-րդ տուրից հետո «Ռոման» 12 միավորով 4-րդն է և երեք միավորով զիջում է առաջատար «Նապոլիին»։ 2-3-րդ հորիզոնականները կիսող «Ինտերը» և «Միլանն» ունեն 13-ական միավոր։ «Լացիոն» այս պահին 8 միավորով 7-րդն է։ Վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ դժվար հաղթանակ էր տարել, սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասնելով «Ուդինեզեի» նկատմամբ։ Այս Մրցավեճից առաջ խոսվում էր, որ Հռոմի թիմի առանցքային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային խնդիրների պատճառով կկարողանա միայն մեկ խաղակես անցկացնել, այնուամենայնիվ Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնակցեց ողջ հանդիպմանը։ Սա խոսում է այն մասին, որ Մխիթարյանը «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար կարևորագույն ֆիգուր է։
«Կարևոր էր հաղթել, քանի որ 3 օր անց դերբին է։ Դրանից առաջ պետք էր հաղթանակ տոնել և լավ տրամադրությամբ մոտենալ այդ խաղին։Ցավալի է, որ դերբիում մեր ավագը չի լինելու։ Նա թիմի առաջատարն է, որը ղեկավարում է թիմը։ Մենք շատ կարևոր խաղացող ենք կորցրել։ Կարծում եմ՝ երկրորդ դեղին քարտն անտեղի էր»,- «Ուդինեզեի» դեմ խաղից հետո ասել էր Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ «Ուդինեզեի» դեմ մրցավեճում երկու դեղին քարտ ստանալով դաշտից հեռացվել էր «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին։ Վերջինիս բացակայությունը բավական լուրջ կորուստ է «Ռոմայի» համար։ Արդեն իսկ պարզ է, որ կիսապաշտպանությունում Մոուրինյոն փորձելու է խաղը կառուցել Մխիթարյանի միջոցով։ Ավելին, մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանին վաղը կտեսնենք ենթահարձակովի, կամ ինչպես ընդունված է ասել 10 համարի դիրքում։ Ըստ կանխատեսումների, հռոմեկան դերբիում Մոուրինյոն կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ։ Դարպասում կլինի Պատրիսիոն, իսկ պաշտպանությայ կենտրոնում Մանչինին և Իբանյեսը։ Աջ եզրում կխաղա Կարսդորպը, իսկ ձախ եզրում՝ Կալաֆիորին։ Հենակետային գոտում կլինեն Կրիստանտեն և Վերետուն։
Զանիոլոն կլինի կիսապաշտպանության աջ եզրում, իսկ ձախից կխաղա Էլ Շարավին։ Մխիթարյանը կլինի ենթահարձակվողի գոտում, իսկ հարձակման կրակագծում կտեսնենք Աբրահամին։ Վերջին 4 հանդիպումներում «Լացիոյին» չի հաջողվել հաղթել, ինչի հետևանքով թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտնվել է քննադատությունների թիրախում։ «Լացիոյի» համար առաջիկա հանդիպումը սկզբունքային լինելուց զատ անչափ կարևոր է նաև մրցաշարային տեսանկյունից։ Պարտության դեպքում թիմը էլ ավելի հեռանա առաջատարներից։
«Լացիո»-«Ռոմա» հանդիպուպմը կսկսվի Երևանի ժամանակով 20-ին։