Չինաստանն ազատ է արձակել կանադացիներ Մայքլ Սպեյվորին և Մայքլ Կովրիգին, ովքեր ձերբակալվել էին 3 տարի առաջ։ Նրանց ինքնաթիռն արդեն հայրենիք է ուղևորվել։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն CBC-ի եթերում։
Երկու կանադացիները ձերբակալվել էին 2018 թվականի դեկտեմբերին՝ այն բանից հետո, երբ Կանադան ձերբակալեց Huawei չինական ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Կանադայի քաղաքացիները մեղադրվել են լրտեսության մեջ և դատապարտվել 11 տարվա ազատազրկման։
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 24-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի դատարանը դադարեցրել է Վանչժոուին ԱՄՆ արտահանձնելու ընթացակարգն ու ազատ արձակել նրան տնային կալանքից։ Բոլոր սահմանափակումները հանված են, այժմ նա կարող է լքել Կանադան։