Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի դատարանը դադարեցրել է Huawei ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուի արտահանձնման ընթացակարգն ու ազատ արձակել նրան տնային կալանքից։
Ազատ արձակման որոշումն ընդունել է դատավոր Հիզեր Հոումսը։ Մեն Վանչժոուի վրայից հանվել են բոլոր սահմանափակումները, այժմ նա կարող է լքել Կանադան։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ մեղադրյալը գործարք է կնքել ԱՄՆ քննության հետ։ Վանչժոուն մասամբ ճանաչել է մեղքն Իրանի դեմ պատժամիջոցների խախտման փաստերը թաքցնելու հարցում, իսկ ամերիկյան դատախազությունը հետ է կանչել Կանադայից նրա արտահանձնման հայցը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին Huawei-ի ֆինանսական տնօրենին ձերբակալել էին Վանկուվերում՝ ԱՄՆ-ի հայցով։ Նրան կասկածել են Իրանի նկատմամբ ամերիկյան առևտրային պատժամիջոցների խախտման մեջ։ Վանչժոուն իր մեղքը չէր ընդունել։ Արդյունքում նրան ազատ էին արձակել 10 մլն կանադական դոլարի գրավի դիմաց՝ թույլ տալով բնակվել Վանկուվերում իր ամուսնու տանը մինչ արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։