Tuesday, 19 10 2021
Սա ԶԼՄ-ների ազատությունը կաշկանդելու վտանգավոր տենդենց է. Լիլիթ Գալստյան
18:23
Օլիմպիական կրակն ուղևորվեց Պեկին
18:22
Մադրիդում վեց մարդ գրավել Է Պրադո թանգարանը եւ սպառնում Է ինքնասպան լինել
Չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից
Արտակ Ղուլյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն
Եթե նույնիսկ Փաշինյանը մասնակցեր քարոզարշավին, բան չէր փոխվի, բայց այնպես չէ՝ նրա վերջը եկել է
18:00
Լեհաստանի վարչապետը վիթխարի էներգետիկ ճգնաժամ է կանխատեսել Եվրոպայում
«Բալասանյան դաշինք»-ն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չի ընդունել
17:40
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում իրականացված ահաբեկչության կազմակերպչին
17:36
Վահրամ Խուդոյանը՝ ծանրամարտի վարպետների Եվրոպայի չեմպիոն
Թույլ էրդողանը ավելի վտանգավոր է Հայաստանի համար. վարկանիշը բարձրացնելու տարբերակներից մեկը պատերազմն է
Մոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով ախտահարված 1589 մարդ
Տխուր փաստեր Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների վերաբերյալ
Նոր կառուցվելիք քրեակատարողական հիմնարկն իր բարեվարք ծառայողներով կդառնա Ծառայության խորհրդանիշը․ Կարեն Անդրեասյան
Կառավարությունը հաստատել է Արցախից տեղահանված քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու ծրագիրը
Վրաստանում կորոնավիրուսի 5739 նոր դեպք է արձանագրվել
Հայկ Կոնջորյանը Ջոն Պատրիկ Գալագերի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների անհապաղ վերադարձը
Լիբանանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի մարտի 27-ին
Պատմաբանները Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին զուգահեռներ են անցկացրել 1921-ի և 2021-ի միջև
Հովհաննես Հարությունյանը Գյումրիում իշխող ուժի անհաջողությունը կապում է ընտրություններին մարդկանց ցածր մասնակցության հետ
ՄԻՊ գրառման մեջ առկա են անճշտություններ․ ՊՆ պարզաբանումը
Որքան էլ մենք պաշտում, գնահատում ենք Վուդրո Վիլսոնին, բայց նա մեզ լավ չվերաբերվեց․ Ռիչարդ Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանը և Իգոր Մասլովը կարևորել են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը
Գործեր «սարքելով»` որոշ ուժեր նպատակ ունեն ինձ դուրս մղել այս ոլորտից. Պատրոն Դավո
Մեր քաղաքացիները արձանագրում են՝ իշխանության նկատմամբ վերաբերմունք է փոխվել. Րաֆֆի Հովհաննիսյան
Նոր փոփոխություն երեխա ունեցող ընտանիքների համար
COVID-ի դեմ պատվաստվող հղի կինը պաշտպանում է նաև պտղին. մասնագետների դիտարկումները
15:37
Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակիցների թիվը կրճատվել է
2006-ի՝ գազ ընտրության դիմաց «գործարքի» շարունակվող հետևանքը
Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

Դատավոր Գագիկ Խանդանյանի բիզնեսներն ու առեղծվածային նվիրատվությունները

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը նախորդ տարի, փաստացի չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, 2․3 միլիոն դոլարով ձեռք է բերել «Մուշ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Խանդանյանի ձեռնարկատիրական գործունեությունը, ունեցվածքը և խնամիական կապերը բավականին ուշագրավ են։  

Թեև Գագիկ Խանդանյանն իր բաժնեմասը հանձնել է հավատարմագրային կառավարման, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքով՝ դատավորը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով և Դատական օրենսգրքով սահմանված՝ դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները, քանի որ ըստ դրանց՝ դատավորին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Բարձրագույն դատական խորհրդում քննվում է Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ գործը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ո՞վ է Գագիկ Խանդանյանը, ի՞նչ կապեր և ունեցվածք ունի։

Ո՞վ է Գագիկ Խանդանյանը

Գագիկ Խանդանյանը դեռևս 1990-ական թվականներից տարբեր պաշտոններ է զբաղեցրել իրավապահ և դատական մարմիններում։ 2009 թվականից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր էր, 2016 թ. հունվարին նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Հատկանշական է, որ Խանդանյանի որդին, որը նույնպես դատավոր է, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է։

Խանդանյանի կասկածելի գործարքը

Գագիկ Խանդանյանը «Մուշ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը ձեռք է բերել 2020 թ. մայիսի 4-ին՝ 2․3 միլիոն դոլարով, սակայն պայմանագրի համաձայն՝ վերջինս այդ գումարը պետք է վճարեր մեկ տարվա ընթացքում։ Այսինքն՝ Խանդանյանն այս ընկերությունը ձեռք է բերել տարաժամկետ վճարման պայմանով։ Մայիսի 12-ին Խանդանյանն իր բաժնեմասը հանձնել է հավատարմագրային կառավարման նույն «Մուշ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Հմայակ Ստեփանյանի:

«Մուշ» ընկերությունը Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ձեռնարկություններից մեկն էր, որը 2017 թվականին վճարած 143․3 մլն դրամի հարկերով հայտնվել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Սակայն վերջին տարիներին ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը բերել էր նրան, որ այն դադարել էր գործել։ Նույնիսկ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած պարտադիր վճարներից տեսնում ենք, որ ընկերությունը 160-170 աշխատողի փոխարեն այս տարի ունի ընդամենը 1-2 աշխատող

Ի՞նչն է խնդրահարույց

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր հրապարակած եզրակացության մեջ արձանագրել էր, որ դատավոր Գագիկ Խանդանյանը «Մուշ» ՍՊԸ-ն ձեռք է բերել պաշտոնավորման ընթացքում և փաստացի ունեցել է կազմակերպության գործունեության վրա անմիջական ազդեցություն՝ մինչև հավատարմագրային կառավարման հանձնելը: Մասնավորապես, որպես ընկերության միակ մասնակից՝ մի շարք որոշումներ է կայացրել, որոնք, փաստացի, եղել են այդ ընկերության կառավարմանն ուղղված գործառույթներ։ Բացի այդ, նույնիսկ բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու պարագայում հանձնաժողովը արձանագրում է, որ Խանդանյանի ազդեցությունը ընկերության գործունեության վրա չի չեզոքացվել, քանի որ վերջինիս և «Մուշ» ՍՊԸ-ի միջև 2020 թ. մայիսի 12-ին կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրով Խանդանյանն իրեն պատկանող բաժնեմասը հանձնել է նույն «Մուշ» ՍՊԸ-ի կառավարմանը, որի անունից հանդես է գալիս ընկերության տնօրեն Հմայակ Ստեփանյանը, որը նշանակվել է հենց Խանդանյանի կողմից։ Փաստացի, ընկերության գործունեության վրա հնարավոր ազդեցությունը պահպանվել է, և ողջամիտ կասկած է առաջանում, որ Խանդանյանն իր որոշումներով կարող է այս ընկերության համար շահեկան դիրք ապահովել։

Այս ամենի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  եզրակացրել է, որ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով և Դատական օրենսգրքով սահմանված կանոնները։

Խանդանյանների ունեցվածքը

Ինչպես նշեցինք, Խանդանյանը ներգրավվել է խոշոր գործարքի մեջ, մինչդեռ նրա ֆինանսական միջոցները տասնյակներ անգամ քիչ են այդ գումարից։

Խանդանյանների ընտանիքի անդամները, սկսած 2011 թվականից, ներկայացրել են գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրեր, որոնց ուսումնասիրության արդյունքում առաջ են գալիս ուշագրավ և կասկածելի հանգամանքներ։ Գագիկ Խանդանյանն ու նրա ընտանիքի անդամներն իրենց ներկայացրած առաջին հայտարարագրերում նշում էին բավական խոշոր նվիրատվություններ ստանալու մասին։

Նվիրատու անձինք, սակայն, հայտնի չեն։

Օրինակ՝ 2011 թվականին Գագիկ Խանդանյանը ստացել էր 3․8 մլն դրամ նվիրատվություն։ Կինը՝ Հռիփսիմե Գյամջյանը, 2․4 մլն դրամ, ավագ որդին՝ Ռաֆիկ Խանդանյանը, 2․5 մլն դրամ, իսկ դուստրը՝ Աշխեն Խանդանյանը՝ 1,3 մլն դրամ նվիրատվություն։ Խանդանյանի մյուս որդին՝ Վահագն Խանդանյանը, ոչինչ չի հայտարարագրել, չնայած օրենքը պարտադրում է պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձանց ներկայացնել հայտարարագիր։

Այսինքն՝ միայն 2011 թվականին Խանդանյանների ընտանիքին նվիրել են 10 մլն դրամ։

Հաջորդ տարվա հայտարարագրում Գագիկ Խանդանյանը նշել է, որ բնակվում է կնոջ և դստեր հետ, հետևաբար՝ հայտարարագրեր չեն ներկայացրել երկու որդիները։ Այդ տարի Խանդանյանների ընտանիքում նվիրատվություն է ստացել միայն դուստրը՝ 1 մլն դրամի չափով։ Ի դեպ, Աշխեն Խանդանյանը 2011-ից հետո այլևս հայտարարագիր չի ներկայացրել մինչև 2020 թվականի դեկտեմբեր, երբ վերջինս նշանակվել է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ակտերի գրանցման բաժնի ավագ իրավաբանի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար, իսկ արդեն այս տարվա հուլիսին հաղթել է այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթում։

Բացի նվիրատվություններից, Խանդանյանները 2011 թվականին հայտարարագրել էին, ընդհանուր առմամբ, 43․7 մլն դրամ և 58,000 դոլար կանխիկ գումար։ Եվ սա այն դեպքում, երբ վերջիններիս տարեկան աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմում էր 9․4 մլն դրամ։

Ինչպես նշեցինք, հայտնի չէ, թե ով կամ ովքեր են գումարներ նվիրում Խանդանյաններին կամ որտեղից դատավորին ու նրա կնոջը խոշոր չափի գումարներ, քանի որ, փաստացի, Խանդանյանն իր ողջ կյանքում աշխատել է իրավապահ և դատական համակարգում, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքը դատավորին թույլ չի տալիս զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ինչ վերաբերում է նրա կնոջը, ապա նա աշխատում է Ագրարային համալսարանում։

2013-ին Գագիկ Խանդանյանը կրկին ստանում է խոշոր չափի նվիրատվություն։ Իր տարեկան հայտարարագրում, բացի 19․5 մլն դրամ և 35,000 դոլար կանխիկ գումարից և 8․7 մլն դրամ աշխատավարձից, վերջինս հայտարարագրել էր նաև 1․2 մլն դրամ նվիրատվություն։

Խանդանյանի կինն այդ տարի հայտարարագրել է 25․9 մլն դրամ և 24,500 դոլար կանխիկ գումար և 2․3 մլն դրամ աշխատավարձ։

Խանդանյանը շարունակել է նվիրատվություններ ստանալ նաև 2015 թվականին. նա այդ տարի նվեր էր ստացել 40 մլն դրամ արժողությամբ բնակարան և 5 մլն դրամ արժողությամբ ավտոտնակ:

Այդ տարի դատավորը հայտարարագրել է նաև 20 մլն դրամ, 35,000 դոլար կանխիկ գումար և 8․5 մլն դրամ աշխատավարձ։ Կնոջ հայտարարագրում ներկայացվել է 25․9 մլն դրամ, 26,000 դոլար կանխիկ գումար և 2․6 մլն դրամ աշխատավարձ։

Հաջորդող տարիներին Գագիկ Խանդանյանի և կնոջ կողմից հայտարարագրված ունեցվածքում տեղի ունեցած փոփոխությունը, թերևս, կանխիկ գումարի շարունակական աճն է։ Սակայն 2016 թվականին Գագիկ Խանդանյանը հայտարարագրել է նաև այդ տարի երկու ընկերություններում ձեռք բերված 5000 և 25,000 դրամ արժեքով արժեթղթեր։

2019 թվականից փոխվեց պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման կարգը։ Հիմնական տարբերություններից մեկն այն է, որ եթե մինչ այդ պաշտոնյաներն իրենց ունեցած գույքը հայտարարագրում էին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, իսկ յուրաքանչյուր տարի ներկայացնում միայն հաշվետու տարում ունեցած գործարքները, ապա նոր կարգով յուրաքանչյուր տարի պարտավոր են ներկայացնել ինչպես տարվա ընթացքում իրականացրած գործարքները, այնպես էլ իրենց կողմից տնօրինվող գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։

Արդեն 2019 թվականին Գագիկ Խանդանյանը 49․5 մլն դրամով վաճառում է մինչ այդ ոչ մի անգամ չհայտարարագրած Կենտրոնի իր բնակարանը և Արաբկիրում գնում բնակարան և ավտոկայանատեղի։ Այդ տարի Խանդանյանի կինը՝ Հռիփսիմե Գյամջյանը, ևս առաջին անգամ հայտարարագրում է Կենտրոնում գտնվող 2 բնակարան։

Նախորդ՝ 2020 թվականին Գագիկ Խանդանյանը, բացի 2019 թվականին հայտարարագրած անշարժ գույքից, նշել է նաև մինչ այդ չհայտարարագրված, 2005 թվականից համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող Կենտրոնում գտնվող 2 բնակարանները։

Ի հավելումն նախորդ հայտարարագրերում նշված 71 մլն դրամի և 46,500 դոլար կանխիկ գումարի, Խանդանյանը որպես եկամուտ նշել է 12․5 մլն դրամ աշխատավարձ, 21․5 մլն դրամ վարկ, ինչպես նաև այլ եկամուտներ՝ 1․1 մլն դրամ ՊԵԿ-ից, 3․7 մլն դրամ ու 1700 եվրո ԱԿԲԱ բանկից։ Թե ի՞նչ այլ եկամուտներ են սրանք և որտեղից են գոյացել՝ կրկին հայտնի չէ։

Հռիփսիմե Գյամջյանը նախորդ տարի հայտարարագրել է Կենտրոնում գտնվող համատեղ սեփականություն հանդիսացող 2 բնակարանները, 2,8 մլն դրամ բանկային հաշվի մնացորդ, 29 մլն դրամ և 27,000 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև Ագրարային համալսարանից ստացած 1․3 մլն դրամ աշխատավարձը։

Հավելենք, որ բավական ուշագրավ են Գագիկ Խանդանյանի որդու՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի ու նրա կնոջ ունեցվածքն ու փաստացի ծավալած բիզնես գործունեությունը։ Ինչպես նշեցինք, Ռաֆիկ Խանդանյանը Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է՝ դստեր ամուսինը։ Մենք որոշեցինք առանձին հետաքննությամբ անդրադառնալ նրանց գործունեությանն ու ունեցվածքին։

Բիզնեսը՝ դատարանին զուգահեռ

Ինչպես նշեցինք, նախորդ տարի Գագիկ Խանդանյանը ձեռք էր բերել «Մուշ» ՍՊԸ-ն, ինչն էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքով՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի և Դատական օրենսգրքի խախտում է։ Սակայն պարզվում է՝ «Մուշ» ՍՊԸ-ի գնումը Խանդանյանի դեպքում միակը չէ։

Գագիկ Խանդանյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էր նշանակվել 2016 թ. հունվարի 8-ին։ Նշանակումից օրեր անց՝ հունվարի 26-ին, Խանդանյանը Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային «Վիլ Վեյ» ընկերության հետ համատեղ հիմնել է «Բազալտ գրուպ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը զբաղվում էր գեղազարդային և շինարարական քարերի արդյունահանմամբ։

Ներկայումս ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Նույն տարվա հոկտեմբերին Գագիկ Խանդանյանն Իրանի քաղաքացի Կեյվան Ֆարահբախշ Էյբալի և հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանի հետ ստեղծել է «ՍԳ ընդ ԱԿ հոլդինգ» ՍՊԸ-ն, որտեղ ուներ 25 տոկոս բաժնեմաս։

Փաստացի, 2016-ից Գագիկ Խանդանյանը, լինելով դատավոր, սկսել էր զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ թեև 2019 թվականի հայտարարագրում նշել է, որ այդ ընկերությունների բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման նույն Հմայակ Ստեփանյանին։ Հատկանշական է, որ Խանդանյանը «Բազալտ գրուպ» և  «ՍԳ ընդ ԱԿ հոլդինգ» ընկերությունների բաժնետերերի ցանկից դուրս է եկել «Մուշ» ՍՊԸ-ն ձեռ բերելուց երեք օր հետո` 2020 թ. մայիսի 7-ին։ Երկուսի դեպքում էլ Խանդանյանի բաժնեմասը փոխանցվել է նույն ընկերություններին։

«Մուշ» ՍՊԸ-ի ճակատագիրը

Քանի որ Խանդանյանը «Մուշ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել մեկ տարվա ընթացքում դրա դիմաց 2․3 մլն դոլար վճարելու պայմանով, «Փաստերի ստուգման հարթակը» ընկերության նախկին համասեփականատեր Մխիթար Սարգսյանից հետաքրքրվեց՝ վճարե՞լ է արդյոք Խանդանյանը պայմանագրով նախատեսված գումարը, թե՞ ոչ։ Սարգսյանի խոսքով՝ գործարքը կայացել էր, քանի որ Խանդանյանը խոստացել էր ընկերության գույքի և սեփական հողատարածքի գրավադրման միջոցով բանկից ներգրավել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և դրանով փակել պարտքը, սակայն բանկի հետ գործարքը չի հաջողվել, ինչից հետո էլ «Մուշ» ՍՊԸ-ի առուվաճառքի գործարքը չի կայացել, և այն վերադարձվել է նախկին տերերին։

Ավարտին չհասցված գործարքի մասին տեղեկությունը FIP.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Գագիկ Խանդանյանը։ «Դա վաղուց ա վերադարձվել, վճարում չի արվել։ Փետրվար ամսից (2021 թվականին- խմբ.) ա վերադարձվել, եթե չեմ սխալվում»,- հայտնեց Խանդանյանը։ Վերջինս հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել և պատասխանել իր գործունեության վերաբերյալ այլ հարցերի։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Խանդանյանը «Մուշ» ընկերությունը վաճառել է այս տարվա մարտին։

Այսպիսով, փաստենք, որ Գագիկ Խանդանյանը, լինելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, գնել է առևտրային ընկերություն, մասնակցել է մի քանի այլ ընկերությունների ստեղծմանը։ Թեև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործ է հարուցել միայն «Մուշ» ՍՊԸ-ում Խանդանյանի գործունեության հետ կապված, սակայն փաստացի՝ դատավորը նույն մեխանիզմը կիրառել է մյուս երկու ընկերությունների դեպքում ևս։ Նշենք, որ չնայած Խանդանյանը վերադարձրել է «Մուշ» ՍՊԸ-ի բաժնեմասերը, սակայն դա հիմք չէ վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթը կասեցնելու, քանի որ վարույթը հարուցվել է արդեն իսկ գործարքի կայացման փաստի հիմքով, ինչը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքով, անհամատեղելի է Հանրային ծառայության մասին օրենքի և Դատական օրենսգրքի պահանջների հետ։

Հաջորդիվ «Փաստերի ստուգման հարթակը» կներկայացնի Գագիկ Խանդանյանի որդու՝ Ռաֆիկ Խանդանյանի կապերը, բիզնես գործունեությունը և ունեցվածքը։

Սևադա Ղազարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում