
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը
Տիկին Բեգիջանյան, Հայաստանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ Գորիսի այլընտրանքային ճանապարհը կկառուցվի հնարավորինս արագ, և իրանցի վարորդները բեռնափոխադրումները կկատարեն այս ճանապարհով՝ անվտանգ ու ապահով պայմաններում: Ձեր կարծիքով Իրանը որքանո՞վ է անհանգստացած այս ճանապարհի հետ կապված խնդրով, և որն է լինելու այս իրավիճակում լավագույն լուծումը:
Հայաստանում Իրանի դեսպանն ասում է՝ ըստ սովետական քարտեզի, բայց որքան մենք գիտենք սովետական քարտեզները 1-2-ը չեն, երկրորդը, Սովետական Միությունը եղել է մեկ ամբողջական երկիր, և նրանց համար 2 գյուղ այս կողմ, 2 գյուղ այն կողմ, ոչինչ չէր նշանակում, քանի որ ննույն երկրի մեջ էին: Օրինակ բերեմ. քանի որ այսօր Պակիստանի փուշտուների Աֆղանստանի շարունակությունն են, որը արհեստականորեն 1893-ին պայմանական դրել են սահման, բայց չեն սահմանազատել: Փուշտուները ազատ գնացել-եկել են առանց վիզայի, որպես մեկ տարածք, որպես Պակիստանի տարածքում ինքնավարություն: 10 տարի առաջ Պակիստանը առանց որևէ մեկի սահմանազատել է, դրել գյուղը կիսել է, ինչպես Սյունիքում թուրքերն են անում: Աֆղանստանը դա չի ընդունում և հիմա մեծ խնդիրներ ունեն Պակիստանի հետ: Բայց մենք ինքնակամ հանձնում ենք, չենք հակառակվում: Ամբողջ հարցը այստեղ է: Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարևոր է, մասնավորապես, Հայաստան-Իրան սահմանը չվնասելը: Բայց, օրինակ, մի գյուղ էս կամ, կամ էն կողմ, Իրանի համար կարևոր չէ, եթե կա այլընտրանքային ճանապարհ, որը կանցնի Հայաստանի տարածքով: իսկ այս ճանապարհով գնալու դեպքում իրանական բեռնատարների հոսքը կնվազի, որովհետև եթե իրանական բեռնատարը և Հայաստանում մաքսատուրք մուծի, և ադրբեջանցիներին մուծի, իր բերած ապրանքները կթանկանան: Իսկ եթե ապրանքը թանկանա, ապա ներմուծողներն այլևս կարող են չներմուծել այդտեղից ապրանք: Իսկ այստեղ Թուրքիայի աչքը լույս, քանի որ այդ ապրանքները կներմուծեն Թուրքիայից:
Հայաստանն Իրանի համար շուկա չի, որը կարող է Իրանական տնտեսության համար 0,01 տոկոս նշանակություն ունենա: Հայաստանն Իրանի համար կարևոր է որպես այլընտրանքային ճանապարհ, որպես անվտանգության հարց: Շատ էլ որ Էրդողնան ու Ալիևը պնդում են, որ պետք է Սյունիքով միջանցք բացվի իրենց համար: Մենք էլ պետք է ասենք՝ հա, դու ճի՞շտ ես: Այդպես չի կարելի: Մենք մինչև մեր խնդիրները չլուծենք, մեր ճանապարհը ինքներս չկառուցենք, ինքներս տարանցման փող չվերցնենք, ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ միջանցքի գոյություն: Հասարակ օրինակ, Որոտանի մոտ մի քանի կմ տարածքի վրա ադրբեջանցիները իրանցի վարորդներից մաքսային հարկ են վերցնում, իսկ իրենք մտնեն Հայաստան, կենտրոնով անցնեն, գնան ու ոչ մի հարկ չվճարե՞ն: Էդ մենք ենք մեղավոր այս վիճակի համար, ուրիշ ոչ մեկը: Մենք պետք է հստակ հայտարարենք՝ այս ճանապարհը մենք կտանք, երբ մնացած հարցերը լուծվեն, բայց էդ ճանապարհը մենք ենք կառուցելու, մենք ենք վերահսկելու, մենք ենք տարանցման փող գանձելու: Այն, ինչ դուք Իրանին էիք մուծում և անցնում Իրանի տարածքով, դրա կրկնակին պիտի մուծեք Հայաստանին, նոր անցնեք Հայաստանի ճանապարհով:
Այս տեղեկությունների ֆոնին մամուլը գրում է, որ իրանցի զինվորականները զգալի ուժեր են տեղափոխում Ադրբեջանի հետ սահմանին, Արաքս գետի տարածքում նախատեսում են անցկացնել խոշոր վարժանքներ, ինչը առաջ է բերել Ադրբեջանցի դժգոհությունը: Կարո՞ղ ենք ասել, որ Իրանն էլ իր հերթին պատրաստվում է հնարավոր տարբեր սցենարների:
Իրանը միշտ էլ բոլոր սցենարներին պատրաստվում է: Մի մոռացեք, որ այսօր Ադրբեջան-Իրան սահմանը շատ ավելի երկարացել է, դրան գումարած Իրանում շատ հստակ գիտեն, որ իսրայելցիները գործողություններ են անում, հնարավոր վերակառուցման աշխատանքներ անեն: Ընդ որում, Ադրբեջանը միշտ հայտարարում է, որ քանի որ Իսրայելի մեզ շատ օգնել է պատերազմի ժամանակ, մեր ռազմավարական գործընկերն է, առավելությունները տալիս ենք իսրայելյան ընկերություններին: Այսինքն եթե Իրանին էլ տան վերակառուցման ինչ-որ հատված, դա կլինի այն ժամանակ, երբ իսրայելցիներն արդեն ընտրություն արած կլինեն: Իրանը ավելի շատ դրանով է մտահոգված, ոչ թե մեզնով: Իսկ մենք, եթե ընդունում ենք Ադրբեջանի տարբերակը և ինչքան էլ մեր գեոդեզիստները, աշխարհագրագետները հայտարարում են, որ կան տարբեր քարտեզներ, ընդունում ենք, որ տվել ենք այդ հատվածը, ուրեմն պետք է ամենաարագ կերպով կառուցենք այլընտրանքային մյուս ճանապարհը՝ Տաթևի ճանապարհը: Սա ելք է: Հակառակ դեպքում Հայաստանում Իրանից եկող ապրանքները կթանկանան, քանի որ երկու տեղ են մաքսային հարկ տալու: Այդ դեպքում հայերը հնարավոր է իրանական ապրանքները չառնեն, թեև ավելի լավ է թանկ իրանականը գնեն, քան էժան թուրքականը: Ցավոք, մեզ մոտ կարծես պարտվողական տրամադրություններ են: Մենք պետք է հստակ ասենք, որ Սյունիքում ճանապարհը մենք ենք բացելու մեր երկրի տարածքով, մենք ենք ստանալու տարանցիկության վերահսկողությունը: Սա միակ տարբերակն է, որով մենք կարող ենք կատարել այդ չարաբաստիկ կետը: Եթե անենք այնպես, ինչպես ասացի, ապա ոչ մեկը չի կարող մեզ մեղադրել, ասել՝ դուք նոյեմբերի 9-ի հայտարարության այդ կետը չեք կատարել: Ոչ Ռուսաստանը, ոչ աշխարհը մեզ չեն կարող մեղադրել: Թուրքիան ու Ադրբեջանն, իհարկե, ինչ ասես, կարող են ասել: Եթե իրենց հարցնենք, իրենք ասում են՝ ճամպրուկները հավաքեք, գնացեք, Երևանն էլ մերն է: Ես դեռ չեմ լսել մի կոշտ պատասխան Ալիևի հոխորտանքին: