Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ինչպես նաև խոսում է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, արգելված սպառազինության կիրառումը ներկայացնող զեկույցի անհրաժեշտության մասին: Ըստ բանաձևի, այդ զեկույցից կարող է բխել նաև որոշակի հետևանքի մասին որոշում ուղղված Թուրքիային, եթե հաստատվի Թուրքիայի մասնակցությունը պատերազին:
ԱՄՆ Կոնգրեսի որոշումը հասկանալիորեն բավականին ոգևորությամբ է ընկալվում հայկական հանրության, հայության շրջանում: Հետպատերազմյան բարդ իրավիճակում մեզ համար ցավագին թեմաների վերաբերյալ որևէ այդօրինակ դիրքորոշում առաջացնում է բնական ոգևորություն: Միևնույն ժամանակ սակայն, այդ ոգևորությունը չպետք է բացառի քաղաքական գործընթացները սառը և համակողմանի դիտարկման ենթարկելու հրամայականը: Այդ տեսանկյունից հարկ է օրինակ անել համեմատություն մի փորձից, նախադեպից: 2019 թվականի հոկտեմբերին և դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները՝ Ներկայացուցիչներին տունն ու Սենատը հաջորդաբար ընդունեցին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր, որոնք իհարկե չունեին ԱՄՆ գործադիր իշխանությանը որևէ բան պարտադրող ուժ: Կոնգրեսի այդ բանաձևերը սակայն որևէ կերպ չազդեցին Թուրքիայի վարքագծի, Կովկասի և Արցախի հանդեպ նրա հավակնության զսպման վրա, ու 2020 թվականին բռնկվեց Թուրքիայի սանձազերծած պատերազմը, իսկ մինչ այդ շաբաթներ և ամիսներ տևած գործընթացը, երբ Անկարան սիրիական և լիբիական ուղղությունից վարձկան ահաբեկիչներ էր տեղափոխում Արցախին հարակից ադրբեջանական գոտիներ, պատրաստելով նրանց պատերազմի համար: Այդ մասին անկասկած տեղյակ էին խոշոր խաղացողների հետախուզությունները, այդ թվում ԱՄՆ, սակայն գործնականում ինչպես Ռուսաստանը, այդպես էլ ԱՄՆ-ը, յուրաքանչյուրը իր պատճառներով, չփորձեց գործնականում ազդել Թուրքիայի վրա: Սա հիշատակում եմ ոչ իբրև հանդիմանություն Նահանգների հասցեին, այլ ընդամենը արձանագրում, որ խոսքը մեծ քաղաքականության մասին է և այդ քաղաքականության համատեքստում ԱՄՆ քաղաքական ռազմավարության ու հաշվարկների:
Հետևաբար, այդ ամենից հասկանալի ոգևորությունից բացի, պետք է նաև շատ հստակ ունենալ սեփական հաշվարկն առ այն, թե ինչպես կարող ենք մեր քաղաքականության մեջ օգտագործել Կոնգրեսի բանաձևի հանգամանքը, բայց չունենալով ավելորդ պատրանքներ, թե դա ինքնին լինելու է վճռորոշ ազդեցություն Անկարայի և Բաքվի վրա, առավել ևս այդ տանդեմի և նրանց հետ գործակցող ռուսական քաղաքականության վրա: Մյուս կողմից, Կոնգրեսի այդ քայլը անկասկած ևս մեկ անգամ կարևոր է դարձնում հայ-ամերիկյան երկխոսության ինտենսիվացումն ու խորացումը, որպեսզի ամերիկյան ռազմավարական հաշվարկները հնարավորինս երկարաժամկետ համադրելիության մեջ լինեն մեզ համար կարևոր օրակարգային հարցերի հետ: Այլ կերպ ասած, հեռանակարը ոչ թե ոգևորության, այլ աշխատանքի մեջ է: Հատկապես, որ ԱՄն Կոնգրեսի բանաձևին անկասկած աշխատանքով են արձագանքելու Անկարան և Բաքուն, ու գուցե թե նաև Մոսկվայի հետ արձագանքով: Ըստ այդմ, մյուս կարևոր հանգամանքը այդ իրավիճակներում պետք է լինի Հայաստանի աշխատանքը ոչ միայն Վաշինգտոնի, այլ նաև Մոսկվայի ուղղությամբ: