Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ:
Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ առումով ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում կա մեծ, սակայն դեռևս չիրացված ներուժ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահության ստանձման համատեքստում: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում՝ ներառականության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության հետագա ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: