Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ 6 երեխա ունի։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Մինչ այդ Ջոնսոնը հրաժարվել է քննարկել իր անձնական կյանքին ու երեխաներին վերաբերող հարցեր։ Բրիտանական ԶԼՄ-ներն էլ տևական ժամանակ շահարկել են այն թեման, թե քանի երեխա ունի Ջոնսոնը։
«Ծնող լինելը հիանալի բան է։ Դա մեծ աշխատանք է, որն ինձ շատ է դուր գալիս։ Ես հաճախ եմ փոխում տակդիրները»,-ասել է վարչապետը։
Նա հաստատել է լուրերն այն մասին, որ այժմ ինքն ու իր կինը՝ Քերի Ջոնսոնը սպասում են երկրորդ երեխայի ծնունդին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Ջոնսոնն առաջին ամուսնությունից ունի 2 աղջիկ՝ (Լարա և Կասիա) և 2 որդի (Թեոդոր և Մայլո)։ Հաղորդվել էր նաև, որ նա արտաամուսնական կապից դուստր ունի՝ Ստեֆանի անունով։
2020 թվականի ապրիլին Ջոնսոնը Քերի Սայմոնդսից երեխա է ունեցել, որին անվանել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս Ջոնսոն՝ ի պատիվ բժիշկների, ովքեր բուժել են վարչապետին կորոնավիրուսից։ Քերիի հետ Ջոնսոնը հանդիպում է 2018 թվականից։