Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունները կարող են խորհրդակցություններ անցկացնել՝ նպատակ հետապնդելով ապահովել Մոսկվայում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը Վրաստանի շահերի պաշտպանության և Թբիլիսիում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը Ռուսաստանի շահերի պաշտպանության սեկցիաների նորմալ ու անխափան գործունեությունը։
Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել հենց վրացական կողմը։ Այդ առաջարկն արվել է Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատանը Վրաստանի շահերի պաշտպանության սեկցիայի ղեկավար Գիվի Շուգարովի և Ռուսաստանի՝ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին որոշակի խնդիրներ էին ծագել Վրաստանի շահերի պաշտպանության սեկցիայում, ինչի պատճառով էլ այն երկու աշխատանքային օրով ստիպված էր եղել դադարեցնել հյուպատոսական ծառայության մատուցումը։








































