Բրազիլիայում դատարանը ճանաչել է շների՝ սեփականատիրոջ պատճառած բարոյական վնասի փոխհատուցման իրավունքը, գրում է ТАСС -ը՝ հղում անելով O Antagonista- ին:
Դատավարությունը տեղի է ունեցել Պարանա նահանգում: Գործընթացի ընթացքում երկու շները՝ վեցամյա ոսկեգույն ռետրիվերը՝ Սփայք անունով, երեքամյա փոյնթեր Ռեմբոն և նրանց պաշտպանները ստացել են շահառուի կարգավիճակ: Կենդանիները պահանջում են բարոյական փոխհատուցում՝ մոտ երկու հազար ռեալի չափով:
Դատարանում ընթացող գործը կապված է 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած միջադեպի հետ: Ոստիկանությունը հաղորդում է ստացել շների մասին, որոնք երկար ժամանակ մնացել են առանց խնամքի: Դեպքի վայր ժամանած իրավապահները նրանց քաղցած ու ուժասպառ են գտել: Պարզվել է, որ այդ ժամանակ նրանց տերն արձակուրդում է եղել: