
Սեպտեմբերի 16-ի երեկոյան Հայաստանի մեդիատիրույթում հայտնվեց տեղեկություն Հաագայից՝ արդարադատության միջազգային ատյանից, այն մասին, որ մուտք է արվել Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Մինչ այդ տեղեկությունը սակայն, հայկական մեդիատիրույթն ու սոցցանցային տարածությունը ողողեցին կեղծ լուսանկարներ Դուշանբեում տեղի ունեցած միջոցառման առնչությամբ: Դրանք ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքական լուսանկարի խեղումն էին, որտեղ իբրև թե երևում էր, որ Հայաստանի վարչապետը կանգնել է առանց Հայաստանի դրոշի, այսինքն «նվաստացվել» է Հայաստանը:
Կեղծ լուսանկարը արագորեն ու լայն թափով տարածվեց սոցցանցերում, ինչին ընդ որում նպաստեցին ոչ միայն կեղծ օգտատերեր, այլ միանգամայն իրական քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, այն էլ տարբեր քաղաքական ճամբարների պատկանող և տարբեր դիրքավորում ունեցող: Ավելին, նրանցից շատերն անգամ բավականին բազմափորձ կարիերայով, պետական արարողակարգերին ծանոթ, ինչը թերևս պետք է լիներ հավելյալ լուրջ գործոն այն իմաստով, որ թույլ տար խուսափել կեղծ լուսանկարի խայծն արագ կուլ տալուց: Իհարկե, հետո շատ արագ տարածվեց իրական լուսանկարը, բայց, ժամանակակից տեղեկատվական միջավայրի հատկանիշներից մեկն էլ այն է, որ ավելի վաղ, թեկուզ րոպեների տարբերությամբ վաղ տարածված կեղծ տեղեկությունը տարածվում և «նստվածք» է թողնում ավելի արագ, քան իրական տեղեկությունը կամ հերքումը: Ինչ խոսք, մեդիագրագետ, սթափ հանրությունը ոչ միայն կուլ չտվեց խայծը, այլև համարժեք գնահատականի արժանացրեց տարածողներին, առավել ևս տարածողներին, որոնք առօրյայում հանրությանը ներկայանում են իբրև ինտելեկտուալներ, իբրև լուրջ օրակարգերի ջատագովներ, խոսում մեծ հարցերից: Բայց, ձևավորվեց մի մեդիամիջավայր, որտեղ փաստորեն խեղդվեց Հայաստանի համար բազմակի կարևորություն ունեցող տեղեկությունը՝ Ադրբեջանի դեմ միջազգային դատարան Հայաստանի հայցի մասին հաղորդագրությունը:
Ասել, որ այդ հաղորդագրությունը ճակատագրի առումով մեծ նշանակություն էր ունենալու Հայաստանի հանրային ուշադրությանը, թերևս կլինի չափազանցություն: Ի վերջո, Հաագայում այդ հայցի ճակատագիրը վճռվելու է բազմաթիվ այլ գործոնների հանրագումարում: Թեև, իհարկե պետք է արձանագրել, որ այդ գործոնների շարքում է լինելու նաև Հայաստանի ներքին վիճակն ու կարողությունը: Բոլոր դեպքերում, հարց կառաջանա, թե ինչո՞ւ պետք է որևէ դիտավորություն լիներ այդ տեղեկությունից առաջ համացանցն ու մեդիատիրույթը կեղծ լուրի աղմուկի տակ գցելը: Իհարկե դա կարող էր ունենալ ներքաղաքական նշանակություն: Մյուս կողմից էլ, պարզապես առիթ, փորձարկելու համար, թե Հայաստանի դեմ որքան հուսալի է գործում տեղեկատվական դիվերսիայի մեխանիզմը, երբ հարկ կա հանրությանը շեղել Հայաստանի համար կարևոր օրակարգերից և ընդհանրապես՝ հայկական տեղեկատվական տիրույթը «պաշտպանել» Հայաստանի համար շահեկան և կարևոր բովանդակության գերակայությունից և պարտադրել «բովանդակություն», որը բացի Հայաստանի հանրության շրջանում տագնապի, հուսահատության, խուճապի, անօգնականության տրամադրություն խթանելու միտումից, չի պարունակի որևէ այլ բան: Պետք է արձանագրել, որ փաստորեն աշխատեց Հայաստանի հանդեպ տեղեկատվական դիվերսիայի ևս մի օպերացիա, կազմակերպիչներին կամ նախաձեռնողներին վստահություն ներշնչելով, որ մեխանիզմը շարունակում է աշխատել գրեթե անթերի:
Միաժամանակ, տեղի ունեցածը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ Հայաստանի թշնամին ոչ միայն սահմանին է, այլ նաև թիկունքում: Եվ, հերթական անգամ առաջ բերեց հարցը՝ Հայաստանն ունի՞ ազգային անվտանգության այդ սպառնալիքին հակազդելու ինստիտուցիոնալ ռազմավարություն, տեղեկատվական անվտանգության շատ, թե քիչ շոշափելի պաշտպանության հուսալի մեխանիզմ, թե՞ ոչ: Հասկանալի է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից միջավայրում խոսել բացարձակ պաշտպանության, անթերի պաշտպանության մասին, հնարավոր է թերևս միակ ամբողջատիրական համակարգ հաստատելու պարագայում, ինչի ռեսուրսը Հայաստանը թե չունի, թե նաև ինչը Հայաստանի համար կբերի շատ ավելի ծանր հետևանքի և չպետք է Հայաստանի ազատ ու ժողովրդավարական հեռանկարը զոհաբերել տեղեկատվական անվտանգությանը: Ի վերջո, պետք չէ բացառել նաև, որ տեղեկատվական դիվերսիաների նպատակները ունեն նաև սադրիչ բնույթ՝ մղել Հայաստանը ամբողջատիրական քայլերի, հարվածել ժողովրդավարական հեռանկարին և ըստ այդմ նաև Հայաստանը զրկել կարևոր քաղաքական ու քաղաքակրթական ռեսուրսից: Բայց, տեղեկատվական անվտանգության համակարգված գրոհներին պետք է հակադրվի համակարգված և աշխատող մեխանիզմ: