
Այն, որ Հայաստանն ու Արցախը պարտավոր են հեռանկարներ մշակելիս դիտարկել Արցախից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հեռանալու տարբերակն ու պատրաստ լինել դրան, ընդ որում էն կանխավարկածով, որ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն 4, թե հինգ տարի հետո, այլ ամեն հաջորդ ամիս, թերևս կասկածից վեր է: Իհարկե կասկածից վեր է նաև, որ Ռուսաստանը եկել է շատ երկար մնալու և ամրանալու հաստատակամությամբ: Բայց, ինչպես առիթ եմ ունեցել ասել և գրել բազմիցս, մնալ, թե գնալը միայն Ռուսաստանից չէ, որ լինելու է կախված, այլ բազմաթիվ գործոններից: Հետևաբար, պետք է պատրաստ լինել սցենարի, երբ Ռուսաստանը պարզապես չի կարող մնալ, կամ կնախընտրի գնալ՝ մեկ այլ տեղ կամ մեկ այլ ուղղությամբ մնալու կամ հաստատվելու համար: Այդ ամենով հանդերձ, կարիք կա՞ այդ մասին անել շարունակվող բարձրաձայն քննարկումներ: Կարծում եմ, որ սա այն թեման է, որտեղ բարձրաձայն քննարկումները ոչ միայն ավելորդ և անպատեհ են, այլ նույնիսկ վտանգավոր: Վտանգավոր օրինակ այն տեսանկյունից, որ, ինչպես ուզում ենք վերաբերենք ռուսական գործոնին, այսօր այդ գործոնը էական դեր ունի Արցախում բնակվող մեր հայրենակիցների մի զգալի մասի այնտեղ ապրելու տեսանկյունից: Հիմա, հրապարակավ անընդհատ խոսել այդ գործոնի «անհաստատության» մասին, նշանակում է տորպեդահարել Արցախում առանց այդ էլ բարդ հոգեբանական վիճակում ապրող մարդկանց կյանքը: Առավել ևս, կրկնեմ, որ ռուս խաղաղապահների հեռանալու տարբերակին Հայաստանի և Արցախի այսպես ասած պատրաստ լինելու աշխատանքը նախ պահանջելու է շատ տևական ջանք, և նաև պահանջելու է ավելորդ հրապարակայնության հնարավորինս բացառում:
Ինչպե՞ս եք պատկերացնում, երբ ասենք Հայաստանի կամ Արցախի կառավարությունը բաց կերպով խոսում է ռուսների «գնալուն» «նախապատրաստվելու» մասին: Չեք կարծու՞մ, որ առնվազն այս և միջնաժամկետ հեռանկարում Հայաստանն ու Արցախն էստեղ ունեն լուռ աշխատանքի կարիք: Ինչ խոսք, կարող ենք կարծել նաև, որ այդ ուղղությամբ չկա աշխատանք կամ այն անարդյունավետ է: Բայց, հրապարակային ակտիվ քննարկումները կարծում եմ բոլորովին արդյունավետության խթան չեն:
Հետևաբար հրապարակային մակարդակում թերևս պետք է դնել Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի ամրապնդման, և Հայաստան-Արցախ կոմունիկացիայի հետ կապված հարցադրումներ և փորձել ավելի խորքային խնդիրները առնվազն այս փուլում հանրայնորեն վերահսկել հենց դրանց միջոցով: Դա հմտություն է, որ հանրային առաջատար խմբերը պետք է կարողանան, եթե նպատակն անշուշտ պարզապես ներքաղաքական կամ թեկուզ արտաքին որոշակի քաղաքական շահերի սպասարկումը չէ՝ Հայաստանի ու Արցախի մասին մտահոգիչ ելույթների քողի տակ: