
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին: ԱՄՆ փոխդեսպանին ուղեկցել են դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը և քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել: Քննարկվել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթևեկությանը, տնտեսական և այլ խնդիրներին առնչվող հարցեր:
Փոխդեսպան Լեյթինենն ընդգծել է, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ցանկությամբ են Հայաստանում իրենց առաջին այցը սկսել Սյունիքից՝ կարևորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը:
ԱՄՆ փոխդեսպանը ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալու կացությանն ու հասկանալու՝ ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաև տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փոխդեսպանին է ներկայացրել հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, սահմանային նոր վիճակով պայմանավորված խնդիրները։
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ մենք ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների գործառույթը իրենց վրա վերցրել են Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի դեսպանատները․«Դա արդեն ամիսներ է շարունակվում։ Ինչո՞վ է դրան պատասխանում հայկական կողմը, Գորիս-Կապան ճանապարհին, որը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, այդ ճանապարհին հայտնվում է Պուտինի պատկերը՝ հավերժ Ռուսաստանի հետ գրառմամբ։ Այնպես որ արձագանքները անհամապատասխան են և մեզ մնում է եզրակացություն անել։ Եթե ինչ-որ մեկը դեռ չի հասկացել՝ ով է Հայաստանի դաշնակիցը և ով թշնամին, պետք է այս ամենից հետևություններ անի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Խզմալյանի՝ քաղաքակիրթ աշխարհում տասնամյակներ շարունակ և հատկապես վերջին տաս ամիսների ընթացքում ամեն հնարավոր միջոցներով Հայաստանի իշխանություններին ու հասարակությանը բացատրվում է, որ պետք է դուրս գալ ցնորքից․«Եվ այդ դուրս գալու միակ ճանապարհն է Հայաստանի միացումը արևմտյան քաղաքակրթությանը, գոնե այնպես ինչպես վարվել են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան Բալթյան երկրները»։
Արդյոք Հայաստանի իշխանության տեսակետը շատ է տարբերվում հասարակության տեսակետից, հարցին ի պատասխան էլ մեր զրուցակիցն ասաց․«Ցավոք սրտի ոչ այնքան։ Ցավոք սրտի մենք պատկերն ամբողջությամբ չենք տեսնում։ Ֆեյսբուքն այդ առումով խաբուսիկ է։ Մեզ թվում է, թե ամբողջ հասարակությունը մտածում է այնպես, ինչպես մենք։ Ես խոսել եմ այդ մասին արևմտյան դեսպանների ու դիվանագետների հետ։ Իրենք ապշած են , որ ամենաթեժ կետերում՝ Սյունիքում, ինչպես նաև Գյումրիում, կարծես թե ակնհայտ է Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նվիրվածությունը Հայաստանի պետական ինքնիշխանության պահպանմանը։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ դեսպան Թրեյսին կամ դեսպան Լաքոթը հայտարարում են, որ իրենց երկրները պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանությունը, սահմաններն անձեռնմխելի են։ Բայց արի ու տես, որ այդ տարածքներում նրանց հետ հանդիպելուց մարդիկ նորից ու նորից կասկածներ են հայտնում, որ դա հնարավոր է ու կրկին ու կրկին ապավինում զավթիչների, ռուսական կայսրության խնամակալությանը, գթասրտությանը։ Սա արևմտյան հասարակությանը հասկանալի չէ։ Մեզ համար հասկանալի է, որովհետև մենք ապրում ենք նույն հասարակության մեջ ու այդպիսի ստրկամտության ու վախվորության պատճառները եթե ներելի չեն, ապա գոնե հասկանալի են։ Իրենք տխուր եզրակացություններ են անում՝ հատկապես Աֆղանստանից հետո։ Այդ իրադարձություններից հետո իրավիճակը փոխվել է։ Միացյալ Նահանգները գոնե պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չեն փորձելու ժողովրդավարությանը մտցնել սեփական միջոցներով»։