
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքը, որի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում և դրա շուրջ առկա իրավիճակին առնչվող հարցեր: Հավաքի արդյունքում հայտարարվել է, որ կազմակերպությունը ըստ մարտահրավերների անհրաժեշտ օգնություն կցուցաբերի անդամ Տաջիկստանին՝ սահմանների պաշտպանության հարցում:
Դուշանբեում տեղի ունեցած հավաքի առումով հետաքրքրական է այն, որ Հայաստանը մասնակցել է միայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մակարդակով, իսկ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները չեն մեկնել Դուշանբե: Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մեկնել էր Արևմուտք 2021 զորավարժության եզրափակիչ փուլին հետևելու, որ տեղի է ունենում Ռուսաստանում և որին մասնակցում է նաև հայկական զինուժը: Իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընդունում էր Սլովակիայի իր պաշտոնակցին: Արդյո՞ք այդ զբաղվածությունն է եղել պատճառը, որ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները չեն մեկնել Դուշանբե իրենց պաշտոնակիցների հավաքին մասնակցելու, որին ներկա են եղել նաև ՌԴ պաշտպանության և արտգործնախարարներ Շոյգուն ու Լավրովը, թե՞ Երևանի միայն ԱԽ քարտուղարի մակարդակով մասնակցելը պարունակում է որոշակի քաղաքական ուղերձ: Մասնավորապես, հնարավոր է ուղերձ առ այն, որ Հայաստանը Աֆղանստանում տեղի ունեցողի առնչությամբ ավելի շատ հետևողի, քան հնարավոր անմիջական մասնակցի դերում է, ինչը Հայաստանի համար թերևս առավել նախընտրելի դիրքորոշումն է, մի շարք պատճառներով:
Միևնույն ժամանակ, Հայաստանի այդ դիրքորոշումը առավել հիմնավոր է դառնում այն իմաստով, որ ՀԱՊԿ երկրներն էլ, մասնավորապես հենց միջինասիական ռեգիոնի, Հայաստանի համար անվտանգային կարևոր հարցերում հետևողի, դիտորդի դերում են, եթե չասենք ավելին՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերոջ դերում: Մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին հայտնի իրադարձություններից ի վեր ՀԱՊԿ որևէ նշանակալի մակարդակի հավաք և քննարկում չի եղել, որտեղ մտահոգություն կարտահայտվեր ռիսկերի կապակցությամբ և կխոսվեր Հայաստանին անհրաժեշտ օժանդակության պատրաստակամության մասին:
Իհարկե, Հայաստանն ինքը պետք է ապահովի իր սահմանների անվտանգությունը, որևէ պատրանք չունենալով ՀԱՊԿ կապակցությամբ, բայց Երևանը թերևս ակնկալել է ոչ թե սահմանների պաշտպանություն, այլ քաղաքական դիրքորոշում, ինչը չի եղել: Ահա այս ֆոնին միանգամայն հասկանալի է դառնում Դուշանբեի հավաքին Երևանի նվազագույն մասնակցությունը: Իհարկե պետք է նկատել, որ ՀԱՊԿ անդամների համար Երևանի ամբողջական ներկայության բացակայությունը թերևս այդքան էլ մտահոգիչ չլինի և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերության լայն վերաիմաստավորման խնդիրը շարունակում է լինել խորքային առումով առանցքային հարցը: