
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը
Արդարադատության նախարարը սահմանադրական փոփոխությունների թեմայով հանդիպումների ու քննարկումների շարք է սկսել: Տեսակետներ են հնչում, որ եթե կառավարման համակարգի փոփոխության փոփոխություն չի լինելու, ապա անիմաստ են այս քննարկումները: Դուք ինչպե՞ս եք գնահատում, արդյոք օրակարգի համար մեկ խնդիրը պետք է լինեն սահմանադրական փոփոխությունները, և դուք ինքներդ կառավարման ո՞ր մոդելի կողմնակից եք:
Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, որովհետև այսօր մեր հանրությունը նվազագույն մասնակցություն ունի պետական կառավարմանը և իշխանության մարմինների մեծամասնությունը ձևավորվում են առանց հանրության անմիջական մասնակցության: Անգամ գործադիր իշխանությունը խորհրդարանի վերահսկողությամբ չի ձևավորվում: Միայն դա արդեն հիմք է, որ սահմանադրական բարեփոխումներ տեղի ունենան: Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ շատ կարևոր է հանրության ներգրավվածությունը պետական կառավարմանը: Մենք ծանր աշխարհաքաղաքական, աշխարհագրական վիճակում ենք և դրանով պայմանավորված մեր ժողովուրդն ավելի շատ լծակներ պետք է ունենա պետական կառավարման վրա: Իսկ բոլ;որ տարիների ընթացքում միտումը եղել է նվազեցնել հանրւթյան մասնակցությունը պետական կառավարմանը: փորձել են ստեղծել ինչ-որ միջանկյալ օղակներ, օրինակ, կուսակցություններն ավելի լայն իրավասություններ ստացան, բայց կուսակցական, քաղաքական համակարգը Հայաստանում կայացած չէ, որովհետև նրանց ֆինանսավորման հարցերը շարունակում են մնալ չլուծված: Դա բերում է նրան, որ բացառությամբ խոշոր միավորների շահերը ներկայացնող ուժերի, մյուս կուսակցությունները չեն կարող կայանալ: Բազմաթիվ պատճառներ կարելի է բերել սահմանադրական բարեփոխումների, այսինքն պետական կառավարաման բարելավման տրամաբանության տեսանկյունից: Նաև կարևոր քաղաքական ասպեկտը այն է, որ գործող սահմանադրական մոդելը 2015 թվականին իրականում բավարար քվե չստացավ, այդ հանրաքվեի արդյունքները կեղծված են ընտրակաշառքի տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս ամենը վկայում է, որ սահմանադրական բարեփոխումը մի քաղաքական գործառույթ է, որը հեղափոխությունից հետո կարող էր դառնալ մեր հանրությունը միավորող, պետական կառավարումը բարելավող քաղաքականության հենարան, որը չեղավ;
Այդ դեպքում ինչու է իշխանությունը ցանկանում փոխել Սահմանադրությունը:
Սահմանադրական փոփոխությունների օրակարգը շարունակում է արդիական մնալ և իշխող ուժը դրա մեջ հետաքրքրություն է տեսնում: Իմ կարծիքով, այդ հետաքրքրությունն այնքան էլ կապված չէ կառավարումը բարելավելու նկատառումների հետ: Փոխարենը գործում է քաղաքական ավանդույթը՝ Սահմանադրությունը փոխել սեփական քաղաքական շահերի հարմարացնելու նպատակով: Երկրի ղեկավարը տեսնում է, որ ինքն ամբողջ կյանքում վարչապետ չի կարող լինել, դրա համար հիմա խոսում են կիսանախագահական մոդելի անցնելու մասին, որ ժողովրդի սիրած վարչապետը կարիերայի աճ ունենալու հնարավորություն ստանա: Ես այդպես եմ համարում, որովհետև այն ամենը, ինչ եղել է վերջին տարիներին, դրա մասին է վկայում:
Հիշեցնեմ, որ այս տարվա փետրվարին մի քանի քաղաքական ուժ միավորվել էին և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել էին Պարույր Հայրիկյանի մշակած բացարձակ ժողովրդավարության Սահմանադրության նախագիծը, որը պարզապես այդ հանձնաժողովը թողել էր առանց ուշադրության, չարժանացնելով որևէ պատասխանի Սա բացահայտում է իշխանության իրական մոտեցումը, որ կա քաղաքական պատվեր և ինչը այդ պատվերից դուրս է, նույնիսկ եթե հանրային շահեր է պաշտպանում, անտեսվում է: Մենք տեսնում ենք, որ այն ուժերը, որոնք ընդամենը 6 ամիս առաջ ներկայացրել էին Սահմանադրության նախագիծ, այժմ տեսնում ենք, որ նման բան օրակարգում չկա, ինչը վկայում է, որ այդ քննարկումները ձևական բնույթ են կրում:
Կարծում եք՝ սահմանադրական փոփոխություններով փոխվելու է նաև կառավարման համակարգը և անցում կատարելով կիսանախագահական մոդելի, Նիկոլ Փաշինյանը փորձելու է երկարաձգել իր քաղաքական կարիերա՞ն: Վարչապետը հայտարարում է, որ կանեն այնպես, ինչպես կորոշի հանրությունը:
Դե դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսքի դասական գործիքներն են, բայց մենք չտեսանք որևէ հարց, որը կայացվեր այդ տրամաբանությամբ, թե ոնց կորոշի հանրությունը, կամ քաղաքական ուժերի հետ լայն կոնսուլտացիաների միջոցով: Դա պարզապես, քարոզչություն է, որը բնորոշ է իշխող ուժին, որի միջոցով նա ձեռք բերեց այդ սիրված վարչապետի անունը, ներկայացվեց, թե իբր իշխող ուժը հանրային շահերն է ներկայացնում: Բայց գործնականում, գեթ մեկ օրինակ ես չեմ կարող հիշել, որտեղ հանրային կարծիքը հաշվի են առել: Կարող եմ հիշեցնել, որ Երևանի ընտրությունների ժամանակ որպես կարևոր կետ ներկայացվում էր, որ ՏԻՄ կառավարման համակարգում հանրաքվեն, հանրային կարծիքը գնահատելը դառնալու է ֆունդամենտալ գործիք: Հիմա ասեք, այս տարիների ընթացքում դուք որպես Երևանի բնակիչ, քանի որ անգամ եք մասնակցել հանրաքվեների, հանրային քննարկումների, րոնք վերաբերվեին քաղաքի կարևորագույն հարցերին, քաղաքաշինական նախագծերին և այլն: Պատասխանը կլինի՝ ոչ ի անգամ, որովհետև այդպիսի բան չի եղել: Այսինքն նախընտրական խոստումներ են տրվում, ներկայացվում են մոտեցումներ, բայց գործնականում այդ ամենը որևէ ձևով կյանքի չի կոչվում: Մեծ անվստահություն կա «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ, որովհետև խոսքի և գործի միջև շատ մեծ տարբերություն կա:
Քաղաքական ուժերը, այդ թվում իշխող ուժը, պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին: Ձեր կարծիքով ինչ կարող է այն փոխել:
Արդեն պարզ է իշխող քաղաքական ուժի ռազմավարությունը՝ կենտրոնացնել ՏԻՄ կառավարման համակարգը 70 համայնքներում, ավելի վերահսկելի դարձնել համայնքային կառույցները: Դա որևէ կապ չունի հանրային կարծիքի հետ: Ըստ գործող սահմանադրական ու օրենսդրական նորմերի և ՍԴ-ի կայացրած վճռի, ՀՀ-ում համայնքների խոշորացումը պետք է անցկացվի հանրային կարծիքը լսելուց հետո, պետք է տեղական հանրաքվեներ անցկացվեն, բայց այսօր տեսնում ենք, որ օրենքի նախագիծ են բերել խորհրդարան, որն առհասարակ հանրային քննարկում չի անցել, ուր մնաց հանրաքվեներով անցած լինի: Սա ևս մեկ օրինակ է, որ ժողովրդավարությանը հակառակ քաղաքականություն է իրականացվում: Հանրային մասնակցությունը չի համարվում որպես կարևոր գործոն: