Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Մի գրիչի պատմություն կամ ինչպես երկրաշարժից հետո սիրահարները վերագտան իրար

Սպիտակը Լոռու մարզում մոտ 13 հազար բնակչություն ունեցող փոքրիկ քաղաք է՝ իր հարակից գյուղերով ու պատմությամբ։ Գյուղերից մեկը Լուսաղբյուրն է, որտեղից էլ մեր նյութի հերոսուհին է՝ Նունե Քոչարյանը, ով վերապրել է Սպիտակի` 1988 թվականի երկրաշարժը, կարճ ժամանակով «կորցրել» իր սիրած տղային, ապա` վերագտել։ Այդ երկրաշարժը շատերի կյանքի ուղին է փոխել, այդ թվում և Նունեի ու իր սիրելիի՝ Դավիթի, ում հետ էլ հետագայում ընտանիք է կազմել։

Դպրոցական տարիքի սերն ուրիշ է

Նունեն ու Դավիթ Քոչարյանը ծնվել և մեծացել են նույն գյուղում՝ Լուսաղբյուրում, հաճախել են նույն դպրոց ու նույն դասարան։ Տիկին Նունեն պատմում է, որ միմյանց համակրել են դեռ շատ փոքր տարիքից, սակայն այդ մասին իրար չեն խոստովանել:

«Մենք նույն գյուղից ենք եղել, սովորում էինք նույն դասարանում, ամուսնուս անունը Դավիթ Քոչարյան է: Ես գյուղի 10-ամյա դպրոցն ավարտել եմ, իսկ ինքը 8-րդ դասարանից դուրս էր եկել ու տեղափոխվել Գյումրու մաթեմատիկական թեքումով դպրոց: Դեռ դպրոցական տարիներից մենք համակրում էինք իրար, բայց երբեք այդ թեմայով չէինք խոսել: Գյուղի, հատկապես երեխաների սերն ուրիշ է, ավելի պարզ ու մաքուր է լինում: Բացի իմ մի քանի ընկերուհուց, այլ մարդ չգիտեր զգացմունքներիս մասին»,- նշում է տիկին Նունեն ու ասում, որ անգամ Դավիթի Գյումրի տեղափոխվելը չէր անդրադարձել իրենց շփման վրա, քանի որ վերջինս շաբաթ և կիրակի օրերին միշտ գյուղ է եկել:

Դպրոցի ավարտական տարում Դավիթը գնացել է Ռիգա, այնտեղի բժշկական համալսարանի զրո կուրսում է սովորել, հետո Լատվիայի իշխանությունները բոլոր արտասահմանցի ուսանողներին հետ են ուղարկել իրենց երկրներ: Հիշում է, որ Ռիգայում սովորելու ընթացքում արդեն նամակներով են  շփվել միմյանց հետ: Անկեղծանում ու ծիծաղելով պատմում է, որ Դավիթն իրեն կարող էր 3 հատ նամակ գրել, սակայն ինքը 1 նամակով էր պատասխանում: Նամակները սիրո մասին չեն եղել, այլ՝ ընկերական. ուղղակի միմյանցից հարցրել են, թե ով ինչ է անում, ինչով է զբաղված, դասերն ինչպես են անցնում և այլն: Տիկին Նունեն ցավով նշեց, որ երկրաշարժից հետո Դավիթը կորցրել էր նամակները:

«Ես սկզբում ասում էի, որ պահել եմ մեր նամակները, իսկ ինքն անուշադիր է եղել: Չնայած, երբ գյուղից տեղափոխվեցինք Գյումրի՝ մնացածն էլ կորցրեցինք: Ցավոք, չեն պահպանվել մեր նամակները»,- պատմում է մեր նյութի հերոսուհին:

Դպրոցն ավարտելուց հետո երկուսն էլ առաջին տարում չէին ընդունվել բուհ: Տիկին Նունեն դիմել էր Մանկավարժական համալսարանի Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մասնաճյուղի Մաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետ, սակայն բալերը բավարար չէին եղել։

Դպրոցական տարիքում նվիրած մատանին

«Դպրոցում էինք սովորում, կարծեմ՝ 4-5-րդ դասարաններում, մեր տղաները սար էին բարձրացել՝ ձնծաղիկ հավաքելու, որպեսզի դասարանի աղջիկներին նվիրեին: Այնպես ստացվեց, որ բոլորին փոքրիկ փունջ հասավ, բացի ինձնից: Ես էլ բավականին ժիր էի ու բարկացա, թե ինչո՞ւ այդպես ստացվեց: Դավիթն այդ պահին եկավ ու ինձ ասեց, որ չջղայնանամ, ինքը հաջորդ օրն ինձ համար կբերի ձնծաղիկ: Ու հաջորդ օրը նվիրեց ինձ այդ ծաղիկները, թղթով էլ փաթաթել էր դրանք: Թղթի մեջ՝ փնջի ներքևի հատվածում, մատանի էր դրել, վրան էլ տառ կար: Ես էլ արագ-արագ բացեցի փաթեթավորածը, որպեսզի ուտեմ ձնծաղիկի ցողունի ներքևի հատվածը. տեսա մատանին ու ընկերուհիներով սկսեցինք քննարկել (ծիծաղում է – հեղ.)։ Մտածում էինք՝ եթե ուզում էր մատանի նվիրել, թող առանց թաքցնելու նվիրեր, ու շպրտեցի։ Այդ պահին մեր դպրոցի հավաքարարը վերցրեց ու տվեց իր թոռնիկին, ով մեզնից 2 տարի փոքր էր»,- վերհիշում է տիկին Նունեն։

Պատմում է, որ այդ ժամանակ Դավիթը նեղվել էր, որ չի հասկացել, թե ինչի համար է մատանի նվիրել։

… չէ՞ որ Դավիթն էր նվիրել

«Դպրոցն ավարտելուց հետո, հաջորդ տարի՝ 1988-ին, ես որոշեցի Գյուղատնտեսական տեխնիկում ընդունվել՝ հաշվապահական բաժին, Դավիթն էլ Կիրովականի բժշկական ուսումնարան: Ցանկանում էր կարմիր դիպլոմով ավարտել, որպեսզի հետո շարունակեր հենց այդ ուղղվածությամբ: Երկուսս էլ Կիրովականում վարձով էինք ապրում ու յուրաքանչյուր երեկո տեսնվում էինք, կապը մշտապես մեր միջև եղել է: Ստացվեց այնպես, որ դպրոցն ավարտել էինք 1987-ին, ուսումնարան ընդունվել՝ 1988-ին: Դասերը սկսվել էին սեպտեմբերին, ու դեկտեմբերի 7-ին երկրաշարժը եղավ: Երկուսս էլ այդ օրն ու այդ ժամին դասի էինք: Մեր տեխնիկումի շենքը 3 հարկանի էր, մենք էլ 2-րդ հարկում էինք դասի: Հանկարծ շատ ուժեղ ձայն լսվեց, շենքն էլ գնաց-եկավ, բայց չփլուզվեց: Բոլորս արագ վազեցինք դուրս, հիշում եմ, անգամ այնպես եղավ, որ մարդիկ ընկնում էին, բայց մյուսները կանգ չէին առնում, վախից ուղղակի փախնում էին շենքից։ Դասախոսները բարկացան մեզ վրա, թե պատճառ ենք փնտրում դասերին չհաճախելու (դե, այդ ժամանակ նաև Արցախյան շարժումն էր սկսվել ու ցույցերի էինք մասնակցում, մտածեցին՝ դասի չնստելու առիթ ենք փնտրում)։ Դասախոսները հորդորեցին կրկին շենք մտնել՝ դասը շարունակելու, ու եղավ երկրորդ ցնցումը։ Ներս չմտանք, բայց տուն էլ չէինք կարող գնալ, քանի որ բոլորս մեր պայուսակները թողել էինք վերևում՝ լսարաններում»,- վերհիշում է տիկին Նունեն։

Ասում է, որ իր համար այդ պահին ավելի կարևոր մեկ այլ բան կար՝ սեղանին էր թողել նաև Դավիթի նվիրած գրիչը, որն ամեն գնով պետք է վերցներ։

«Անգամ այդ երկրորդ ցնցումից հետո ցանկանում էի վերև գնալ և վերցնել գրիչը, սակայն տղաները թույլ չտվեցին, առաջարկեցին իրենք բարձրանան վերև ու բերեն մեր պայուսակները։ Խնդրեցի բերել նաև գրիչը, քանի որ այն ինձ համար շատ կարևոր էր, չէ՞ որ Դավիթն էր նվիրել»,- նշում է տիկին Նունեն ու հավելում, որ շատ երկար տարիներ նա այդ գրիչը խնամքով պահել է։

Այդ ժամանակ տիկին Նունեն և իր կուրսընկերները դեռ չէին պատկերացնում, թե ինչ է կատարվել, չէին պատկերացնում մասշտաբները, քանի որ Վանաձորի այդ թաղամասում, որտեղ իրենք էին գտնվում, առանձնատներ են եղել ու դրանցից ոչ մեկը չէր փլուզվել։

«Երբ արդեն գրիչն ինձ մոտ էր, ընկերուհուս՝ Անահիտ Գևորգյանի հետ, ոտքով իջնում էինք տուն: Տեխնիկումից մինչև տուն հեռավորությունը մոտ 4-5 կանգառ էր։ Հասանք վարձով տանս մոտ. դարպասների մոտ կանգնած էր մեծ եղբայրս։ Խոսեցինք, հարցնում էր, թե ի՞նչ է կատարվել, քանի որ այդ պահին ինքն էլ ավտոբուսի մեջ է եղել ու չի զգացել ոչինչ։ Նա էլ Կիրովական էր եկել մեքենան նորոգելու համար, ինձ էլ ասաց, թե գնանք տուն՝ Լուսաղբյուր: Ասացի, որ հաջորդ օրը դասի եմ, չեմ կարող իր հետ գնալ։  Երբ եղբայրս գնաց, ես հանգիստ էի, որ նա տան անդամներին կասի, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ի դեպ, տան մոտ հանդիպեցի հարևանուհուս, ով ասաց, որ ինձ սպիտակ խալաթով մի երիտասարդ էր հարցրել: Հասկացա, որ Դավիթն է եղել, սրտումս թեթևություն զգացի, որ իրեն էլ բան չի պատահել, լավ է»,- պատմում է մեր նյութի հերոսուհին։

Շուրջ 1 շաբաթ՝  առանց Դավիթից լուրի

Տիկին Նունեի ընկերուհի Անահիտի հայրն արդեն սպասելիս է եղել դստերը, որպեսզի տուն տանի՝ Փամբակ գյուղ։ Իմանալով, որ տիկին Նունեն Սպիտակի շրջանից է, Անահիտի հայրը որոշել է նրան նույնպես իրենց տուն տանել՝ ապահովության համար։ Այդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, տիկին Նունեն ու Դավիթն այդպես էլ չեն հանդիպել։

«Անահիտի հայրը ճանապարհին Սպիտակի մոտով մեքենայով անցնելիս տեսել էր ավերածությունները։ Ինձ հարցրեց, թե ո՞վ եմ և որտեղի՞ց, ասացի, որ Սպիտակի շրջանից եմ: Միանգամից հուզվեց, ասաց, որ ինձ կտանի իրենց տուն։ Նա մտածել էր, թե մեր տանն էլ էր որևէ բան եղել, քանի որ գյուղի երկհարկանի դպրոցը փլուզվել էր, մեր համագյուղացիներից մի քանիսի տներն էլ էին հողին հավասարվել։ Այդ օրը նաև հորաքրոջս աղջիկներն էին մահացել։ Այդ ժամանակ չհասցրի անգամ մտածել, ինձ վերցրին իրենց հետ ու տարան Գուգարքի շրջանի Փամբակ գյուղ»,- նշում է տիկին Նունեն։

Անահիտի տանը 2 օր մնալուց հետո նա որոշել է գնալ իրենց գյուղ՝ Լուսաղբյուր: Այդ ընթացքում ուշքն ու միտքն ընտանիքի անդամներն են եղել ու Դավիթը, քանի որ ոչ մի տեղեկություն չուներ:

Դեկտեմբերի 9-ին արդեն Նունեն Անահիտի ծնողներին ասել է, որ պետք է գնա Վանաձոր, տեսնի՝ ինչ է կատարվել: Լսել էր, որ Քիմիական գործարանն է փլուզվել։

«Այդ օրը Անահիտը, նրա հորեղբոր տղան և ես շարժվեցինք դեպի ավտոկայան, սակայն կար Էջմիածին գնացող միայն մեկ ավտոբուս։ Հավաքված բոլոր անձինք ասացին, որ Էջմիածին քշելու կարիք այդ պահին չկա, անհրաժեշտ է Գյումրի գնալ։ Հազիվ տեղավորվեցի ավտոբուսում, ցերեկը ժամը 12:00-ին շարժվեցինք դեպի Գյումրի: Երեկոյան, մոտավորապես, 18։00-ի սահմաններում նոր հասել էինք մեր գյուղի՝ Լուսաղբյուրի մոտ, քանի որ ահավոր խցանումներ էին, ճանապարհներին էլ հատվածներ կային, որտեղ մեծ քարեր էին ընկած։ Իջա այնտեղ և քայլելով գնում էի, բայց, կարծես, օդերում քայլեի։ Հասա մեր տան մոտ: Հայրս, ով իր ձեռքով սարքած խոտի տուկերի վրա պառկած էր, մի փոքր էլ հարբած էր՝ անմիջապես գրկեց ինձ ու ասաց. «Գիտեինք, որ քեզ հետ ամեն ինչ լավ է, բայց էս ո՞ւրդեղ էիր»: Ասացի, որ ավտոբուս չկար, այդ պատճառով եմ ուշ տուն հասնում»,- վերհիշում է տիկին Նունեն:

Ասում է՝ Դավիթին գյուղում էլ չտեսավ, իրեն էլ հենց նույն օրը տարան Երևան, որտեղ մայրն էր, հղի հարսն ու բարեկամների մեծ մասը։ Երկու օր անց ընտանիքի անդամներին ասել է, որ հագուստը Կիրովականում է մնացել, բոլոր իրերն այնտեղ են, ու երկրաշարժից շուրջ 1 շաբաթ անց քեռու տղաների հետ գնացել է Կիրովական, հետո՝ եկել Լուսաղբյուր: Մի քանի բան էլ այնտեղից պետք է վերցներ ու, քանի որ արդեն շատ ուշ էր, այդ գիշեր մնացել են գյուղում։

«Քեռուս տղաները հորս հետ գիշերը մնալու էին նույն վրանում, ես էլ պետք է գնայի ու քնեի մորքուրիս ընտանիքի վրանում։ Տանը չէինք մնում, քանի որ դեռ վախ կար, որ կարող են կրկին ցնցումներ լինել։ Վրանը փոքրիկ լուսամուտ ուներ, նկատեցի՝ ինչ-որ մեկը ներս է նայում, սակայն մութ էր ու չէի հասկանում, թե ով է։ Մեր բարեկամներից մեկը, ով նաև դասարանցիս էր, այդ պահին եկավ ու ասաց, որ Դավիթը դրսում ինձ է սպասում։ Այդ ժամանակ հասկացա, որ պատուհանից նայողն էլ հենց Դավիթն էր։ Չէի կարող դուրս գալ, քանի որ շատ մարդ կար, սակայն մյուս կողմից էլ հասկանում էի, որ մեկ շաբաթ է, ինչ չենք տեսել միմյանց, պետք է մի տարբերակ գտնել նրան հանդիպելու։ Վերջապես բոլորը քնել էին, միայն բարեկամներից մեկն էր, որ դեռ նստած էր վառարանի մոտ, սպասում էի, որ նա էլ քնի։ Ես էլ նրա հետ նստել էի ու իբր օգնում էի իրեն վառարանի կրակը ավելի շատացնել, սակայն իմ ուշքն ու միտքը լրիվ այլ տեղում էր։ Բարեկամս էլ անընդհատ ասում էր, որպեսզի գնամ քնեմ, ես էլ թե՝ չէ, կօգնեմ։ Հենց քնեց, անմիջապես դուրս եկա, տեսանք իրար։ Այդ ժամանակ տան հեռախոսահամարներով փոխանակվեցինք (որտեղ բնակվում էին երկրաշարժից հետո – հեղ.), գյուղում զբոսնեցինք մինչև ուշ երեկո, հետո ես վերադարձա մեր վրան, ինքն էլ՝ իրենց»,- հիշում է նյութի հերոսուհին։

Հաջորդ օրը քեռու տղաների հետ ուղևորվել է Երևան, սակայն այնտեղ երկար չի մնացել, քանի որ ինքն էլ ուսումը պետք է շարունակեր։ Ասում է, թե առիթ էր պետք, որ շուտ հետ գնար գյուղ, որոշել էր տեխնիկումում փաստաթղթերը փոխել ու հեռակա սովորել։ Դավիթն էլ է այդ ժամանակ գյուղում ապրելիս եղել, այդպես կրկին սկսել են հաճախ հանդիպել։

Երկրաշարժից հետո նրանք դժվարություններ են ունեցել, որոշ ժամանակ ապրել են վրաններում։ Վախեր ունեին, որ կարող են կրկին ցնցումներ լինել, սակայն, բարեբախտաբար, այդ օրվա մի քանի ցնցումից հետո այլևս չէին կրկնվել։

Հայրը դժվարությամբ է համաձայնություն տվել իր ու Դավիթի միությանը

«Դեռ ամուսնանալու մտադրություն չունեինք, ցանկանում էինք տեխնիկումում լավ սովորել, որպեսզի բարձրագույն կրթություն ստանայինք, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին»,- ասում է մեր հերոսուհին։

Ինչպես տիկին Նունեն է ասում, գյուղում մտածելակերպը տարբերվում է քաղաքից, կարծրատիպեր կան: Ծնողները մտադրություն ունեին ամուսնացնել իրենց աղջկան, արդեն մի ընտանիք եկել էր խնամախոսության։ Տիկին Նունեն պետք է ծանոթանար այդ ընտանիքի տղայի հետ, սակայն, իմանալով այդ մասին՝ խորամանկելով, դուրս էր եկել տան երկրորդ մուտքից ու վազել։

«Դուրս գալիս ինձ մեր հարևանը տեսավ, հարցրեց, թե ուր եմ վազում, ես էլ ներկայացրի իրավիճակը։ Նա ճանաչում էր Դավիթին, գնացել էր ու պատմել ամենը։ Այդ օրը երեկոյան, երբ պառկել էինք քնելու, մեր տան դուռը թակեցին. Դավիթն էր՝ մոր ու երկու եղբոր հետ։ Նստել էին սեղանի շուրջ ու հորս հետ խոսելու ցանկություն էին հայտնում, սակայն նա տանը չէր այդ ժամանակ։ Դավիթի մայրն ասաց մորս, որ հաջորդ օրն էլ կգան։ Հաջորդ օրն առավոտյան մայրս հորս ասաց, որ Քոչարյաններն են եկել երեկոյան ու այսօր էլ են գալու։ Հայրս այդ պահին ոչինչ չասաց, պտտվեց ու գնաց։ Մեր գյուղում տղամարդիկ հիմնականում «ուտող-խմող» էին, այդ թվում՝ հայրս։ Տուն վերադարձավ մի փոքր հարբած, մայրս բարկացավ, ասաց, որ հյուրեր պետք է գան, ինքն էլ այդ վիճակում է։ Հայրս տեղյակ էր իմ ու Դավիթի հարաբերությունների մասին, սակայն դեմ էր, քանի որ ցանկանում էր, որպեսզի իր ընտրած տղայի հետ ամուսնանամ։ Դավիթը մոր ու եղբայրների հետ երեկոյան կրկին եկավ մեր տուն: Նրանք հորս ասացին, թե ինչ նպատակով են մեր տանը, ինչից հետո վերաբերմունքն անմիջապես փոխվեց։ Այդ պահին ուղղակի ասաց, որ ամուսնության մասին ոչ մի խոսք չի լինի, մինչև երկրաշարժից չանցնի 1 տարի։ Դավիթի մայրը հորս հարցրեց՝ արդյոք կարելի է համարել՝ արդեն նշանված են իրենց երեխաները, հայրս դրական պատասխան տվեց»,- վերհիշում է տիկին Նունեն:

Ասում է, թե այդ ամենից հետո ինքն ու Դավիթը մտածում էին, որ կարող են ավելի հանգիստ հանդիպել, բայց դա էլ հեշտ չի եղել իրենց համար: Հայրը, միևնույնն է, դեմ է եղել այդ հանդիպումներին, մշտապես տիկին Նունեին տուն է կանչել: Իրենք էլ նորից սկսել էին թաքուն հանդիպել: Այնուամենայնիվ 1989 թվականի դեկտեմբերին նշանվել են, իսկ 1990 թվականի հունվարի 20-ին՝ ամուսնացել։

Սկզբում Դավիթն ու տիկին Նունեն ապրել են Դավիթի եղբոր ընտանիքի հետ։

«Տնակում էինք ապրում սկզբում, որտեղ ես էի, Դավիթը, նրա եղբայրն՝ իր ընտանիքի հետ: Որոշ ժամանակ անց տնակի հարևանությամբ Դավիթը տուն սարքեց և մենք ապրում էինք մեր սեփական տանը, մինչև 2010 թվականին Գյումրի տեղափոխվելը»,- նշեց տիկին Նունեն։

1990 թվականի դեկտեմբերին արդեն ծնվել էր տիկին Նունեի ու Դավիթի առաջնեկը՝ Գայանեն, հետո 1992-ին՝ Գոհարը, 1994-ին էլ Հովհաննեսը լույս աշխարհ եկավ:։

Ընդհանուր առմամբ, 40 տարի Լուսաղբյուրում ապրելուց հետո նրանք ընտանիքով տեղափոխվել են Գյումրի, կառուցել իրենց տունը, նոր աշխատանք սկսել ու արդեն 11 տարի է՝ հայրաքաղաքում են ապրում։ Դավիթն այժմ սեփական շինանյութի խանութ ունի ու այդ ոլորտում է ավելի հմտացել, իսկ բժշկությամբ այդպես էլ չի զբաղվել, չնայած, որ ֆելշերական ուսումնարանը կարմիր դիպլոմով է ավարտել։

Տիկին Նունեն ու Դավիթն ունեն 5 թոռ, շուտով կծնվի 6-րդը։

Ավագ դուստրը՝ Գայանեն, ունի 2 աղջիկ 1 տղա, միջնեկը՝ Գոհարիկը, 2 աղջիկ ու շուտով կծնվի նաև տղան, իսկ որդին՝ Հովհաննեսը, դեռ ամուսնացած չէ։

Այս հոդվածը պատրաստվել է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համագործակցությամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակներում։ 

ԶԼՄ-ների քարոզարշավի շրջանակներում արված լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է ՃՄՀԳ-ին, և ԱԻՆ-ն իրավունք ունի օգտագործել դրանք ուսումնական նպատակով։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում