
Հայաստանի քաղաքական ուժերը դիրքավորվում են առաջիկա ՏԻՄ ընտրությանն ընդառաջ, որը պայմանականորեն կբաժանվի երկու փուլի՝ հոկտեմբերին, և նոյեմբեր-դեկտեմբերին: Կան մի քանի ինտրիգային ուղղություններ, ինչպես Սյունիքի համայնքները՝ վերջին ամիսներին ծավալված հասկանալի պատճառներով, ինչպես Գյումրին՝ Հայաստանի երկրորդ քաղաքը լինելու պատճառով: Դեռևս հստակ չէ, թե Հայաստանի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը ինչ ծավալով և ինչ ձևաչափերով են մասնակցելու ՏԻՄ ընտրությանը: Ընտրակարգը ներկայումս գտնվում է այսպես ասած «քաղաքական պատասխանատվության» տիրույթում: Այսինքն, ընտրությանը մասնակցում են քաղաքական ուժեր, համամասնական ցուցակներով, ձևավորում ավագանիներ և հետո ըստ արդյունքի ընտրելու են համայնքի ղեկավարներ: Այնպես, ինչպես Երևանում է 2009 թվականից ի վեր: Միևնույն ժամանակ սակայն, դեռևս ճանապարհ կա անցնելու, որպեսզի Հայաստանում ՏԻՄ ընտրությունը դիտարկվի քաղաքական պրոցեսի մաս, և կարևոր մաս, թեկուզ աստիճանակարգով ավելի ցածր:
Բանն այն է, որ չնայած մոդելի քաղաքականացմանը, ընկալումները դեռևս շարունակում են մնալ զուտ համայնքային, անգամ թաղային, ընտանեկան-կլանային, հարազատ-բարեկամական տրամաբանության մեջ: Կասկած չկա, որ այս ընկալումները փոխելու համար Հայաստանում պահանջվելու է դեռ շատ ժամանակ ու աշխատանք, այդ թվում քաղաքական ուժերի մասնակցությամբ: Հայաստանում քաղաքականությունը պետք է գնա մարզեր, այն էլ ոչ թե «աշխատանքային այցերով», այլ հաստատվելով այնտեղ, ապակենտրոնանալով, ձևավորելով ցանցային մեխանիզմներ: Մարզերում քաղաքականության մշտական առկայությունն է, որ ՏԻՄ մակարդակում ընտրությունը ընտանեա-կլանային համապարփակ մտածողությունից կտեղափոխի քաղաքական մտածողության և ընկալումների դաշտ: Այն քաղաքական ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանի քաղաքական համակարգի արդիականացման, առողջացման, խորքային վերափոխման հեռանկարով, ուղղակի պետք է ներգրավվեն այդ գործընթացին, այսինքն քաղաքականությունը ոչ թե «հյուրախաղերով», այլ ամենօրյա աշխատանքով մարզերում, համայնքներում հաստատելուն, քաղաքական մշակույթի ձևավորմանը: Դա պետք է բերի նաև ընտրական համակարգի առողջացմանն ու ընտրական ինստիտուտի բյուրեղացմանը: Այս խնդիրը պետք է հետաքրքրի նաև Հայաստանում կապիտալի կրողներին, որովհետև քաղաքական արդիականացման հեռանկարն է նաև լինելու Հայաստանում կապիտալի, սեփականության պաշտպանության ինստիտուտի կարևոր սյուներից մեկը: