Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը միանգամայն տրամաբանական է համարում այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ տեղի չունեցավ Մեդվեդև-Սարգսյան երկկողմ հանդիպումը:
Նկատենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ տեղի էր ունեցել Մեդվեդև-Ալիև հանդիպումը և կանխատեսումներ կային, որ հենց գագաթնաժողովի ընթացքում Մեդվեդևն առանձին հանդիպում կունենա նաև Սարգսյանի հետ, սակայն այդ հանդիպումը չկայացավ:
Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ Կազանի հանդիպման ընթացքում խնդիրներ են առաջացել Ադրբեջանի հետ, որը նոր առաջարկներ է ներկայացրել. «Բնականաբար, պարզից էլ պարզ է, որ քանի դեռ Ալիևն այդ պահանջներից չի հրաժարվել որևէ քննարկում հայկական կողմի հետ չի կարող տեղի ունենալ»:
Քաղաքագետը նկատեց, որ թերևս այս պահի դրությամբ Ալիևի հետ ճշգրտումներն այդ հարցի վերաբերյալ շարունակվում են: Նա նաև նկատեց, որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ եռակողմ ձևաչափով հանդիպումները կշարունակվեն, սակայն դրա համար պետք է որոշակի նախադրյալներ ստեղծվեն: