Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում ընթացող քննարկումներին՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Քաղաքական հարցերի վերաբերյալ կողմերի սկզբունքային տարաձայնությունները, ցավոք, դեռ պահպանվում են: Այդ պատճառով այս փուլում առաջնային ենք համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները:
Եվ իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, հումանիտար համալիր հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», – ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար։