Ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի կատարումը։
«Մենք պարբերաբար պատմում ենք ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության մասին, որը հուսալի կերպով ապահովում է հրադադարի ռեժիմը կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էական խախտումներ չեն արձանագրվել։ Ի դեպ, դա հաստատում են և՛ Բաքվում, և՛ Երևանում»,- ասել է Զախարովան։
Դիվանագետն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակին։
«Մենք կիսվում ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի գնահատականով, որտեղ վերջին ամիսներին տեղի են ունեցել զինված միջադեպեր, տեղեկացնում ենք տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքի մասին, որն իրականացվում է եռակողմ աշխատանքային խմբի կողմից՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Ընդհանուր առմամբ, հանրությանը և ԶԼՄ-ներին ենք հասցնում տեղեկություններ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների առողջացմանն ուղղված բոլոր միջնորդական ջանքերի մասին, որոնք մեր կողմից ձեռնարկվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում»,- ասել է Զախարովան։