Շուրջ 200 մարդ, այդ թվում՝ ամերիկացի, չարտերային թռիչքներով դուրս կբերվեն Քաբուլից: BBC-ի փոխանցմամբ՝ սա առաջին նման գործողությունն է ամերիկյան ուժերի՝ Աֆղանստանից հեռանալուց հետո: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կատար կատարած այցի ընթացքում կոչ է արել օգնել տարհանումների հարցում:
Ըստ լրատվամիջոցի՝ Աֆղանստանում դեռ շուրջ 100 ԱՄՆ քաղաքացի կա: Անցյալ ամիս ավելի քան 124 հազար օտարերկրացի և նրանց տարիների ընթացքում աջակցած աֆղաններ դուրս էին բերվել երկրից:
BBC-ն նաև հաղորդում է, որ երկու լրագրող, որոնք լուսաբանել են ցույցերը, դաժան ծեծի են ենթարկվել թալիբների կողմից ձերբակալվելուց հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը,Աֆղանստանում սրվող իրավիճակի ֆոնին «Թալիբանը» արգելել է ցույցերը: Արմատական իսլամիստական շարժման ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է, որ առանց թույլտվության ցույցերի դեպքում լուրջ իրավական հետևանքներ կլինեն: Բացի դրանից, կանանց արգելվել է զբաղվել սպորտով, այդ թվում՝ կրիկետով, որը Աֆղանստանում բավականին տարածված սպորտաձև է: