Սիրիայի արտգործնախարարությունը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, ըստ որի՝ ընթանում են թուրք-սիրիական բանակցություններ ահաբեկչության դեմ պայքարի հարցով: Այդ մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Սիրիայի ԱԳՆ-ում նշել են, որ Դամասկոսը չի վարում որևէ բանակցություն Թուրքիայի հետ այդ հարցով: Նշվել է, որ հենց Թուրքիան է հանդիսանում ահաբեկչության հովանավորը տարածաշրջանում: Ընդգծվել է, որ տեռորիզմին Թուրքիայի աջակցությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար:
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն օրերս թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Սիրիայի և Թուրքիայի միջև ընթանում են բանակցություններ հատուկ ծառայությունների և հետախուզության մակարդակով: Ըստ Չավուշօղլուի՝ բանակցությունների հիմնական թեման անվտանգության հետ կապված հարցերն են և ահաբեկչության դեմ պայքարը: