Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում պահելու, ինչպես նաև հափշտակություններ կատարելու համար:
Դատարանն անցել է վկաների հարցաքննությանը: Հարցաքննվել է Էջմիածնի բնակիչ, այժմ մահացած՝ Պոդոս մականունով Պետրոս Թորոսյանի դուստրը, որը պատմել է, թե ինչպես է 2003 թվականին իր հորից Մանվել Գրիգորյանը խլել նոր կառուցվող բենզալցակայանն ու այնտեղ գտնվող ամբողջ շինանյութը: Կինը պատմել է դատարանում նաև, որ հայրն այդ տարածքն աճուրդով էր գնել:
Հայրն ընդդիմացել է բենզալցակայանը հանձնելուն: Կինը պատմել է նաև, որ սպառնալիքներ են հնչել իրենց ընտանիքի հասցեին, ու հաճախ ինքն ու ընտանիքի մյուս երեխաները դպրոց էին գնում ոչ միայն մոր, այլև հոր ընկերների ուղեկցությամբ: Դատարանի այն հարցին, թե ում է այժմ պատկանում այժմ բենզալցակայանը, կինը պատասխանել է՝ իր տեղեկություններով՝ Նազիկ Ամիրյանին: